ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 13-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը։
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:
Միջոցառման շահառու հանդիսանում են ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը (տնտեսավարողներ), որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը և ապահովում են ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`
1) 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է ստորև թվարկված ոլորտներին՝
• Կացության կազմակերպում
• Հանրային սննդի կազմակերպում
• Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ
• Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ,
• Ընդ որում, վերը նշված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի և աշխատողների) ուսումնասիրության արդյունքում։ Տվյալ դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում հարկային մարմին և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում՝ ընդգրկվում է շահառուների ցանկում դիմելու օրվա ամսվանից սկսած։
2) սույն միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել է առնվազն 3 աշխատող։
Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում։