ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 13-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը։
Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ-ում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:
Օժանդակության նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար։
Այս միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում՝
– ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի և դրանց մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող, իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք
ա. ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
բ. դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։
2) 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ), որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքի վերադարձման դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։
Օժանդակության տրամադրման ձևերը և դրանց պայմանները հետևյալն են՝
1) ՀՀ-ում 2020 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերի տրամադրման պայմաններն են՝
ա. վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,
բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը,
գ. ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ,
դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս։
Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով՝ մինչև 14, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են։ Լիզինգով ձեռք բերվող սարքավորումների և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողությունների ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը.
Լիզինգի տրամադրման ամսաթիվ է համարվում լիզինգի պայմանագրի կնքման օրը: