ՀՀ կառավարությունը մտադիր է աջակցել ընկերություններին խաղողի մթերման ժամանակահատվածում՝ տրամադրելով 1,8-ից մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ՝ երկու տարի ժամկետով:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Թիրախավորել ենք խաղողի մթերումների ժամանակահատվածում կազմակերպություններին, և դրանց միջոցով մեր ֆերմերային տնտեսություններին օգնություն տրամադրելու հարցը։ Չնայած աջակցությունն ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին, այնուամենայնիվ, աջակցության առանձնահատուկ պայմանն այն է, որ գումարները ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամարներին ստանում են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին։ Յուրաքանչյուր վաճառքի դեպքում, որպեսզի կազմակերպությունն իր ֆինանսական վիճակի պատճառով չուշացնի վճարումները, կառավարությունն անտոկոս վարկային միջոցներ կհատկացնի, որոնք կազմակերպության կողմից կօգտագործվեն մթերված խաղողի համար ֆերմերային տնտեսություններին վճարելու համար։ Այնուհետև, կազմակերպությունը երկու տարիների ընթացքում այդ վարկային միջոցները կվերադարձնի կառավարությանը»,-պարզաբանել է նա։
Նրա խոսքով, գինու և կոնյակի արտադրողների նկատմամբ հատուկ մոտեցման պատճառն այդ ընկերությունների վաճառքի ծավալների զգալի կրճատումն է թե՛ներքին, թե՛ արտաքին շուկաներում:
«Երբ վաճառքի ծավալները կրճատվում են, դա մի կողմից հանգեցնում է նրան, որ կրճատվում են կազմակերպությունների դրամական եկամուտները, իսկ մյուս կողմից՝ բանկային համակարգն է ավելի զգուշավոր դառնում այդ կազմակերպությունների վարկավորելու հարցում։ Եվ այստեղ է, որ կառավարությունն, արտոնյալ վարկեր տրամադրելով, նպատակ ունի բոլոր կազմակերպություններին ապահովել բավարար միջոցներով, որպեսզի վերջիններս կարողանան ամբողջությամբ վճարել մթերված խաղողի համար»,- ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կոնյակ, կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունները որոշակի քանակը գերազանցող արտադրանքի արտահանման դեպքում վճարում էին որոշակի գումար, սակայն այժմ, մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում այդ տուրքի գումարները վճարումից հետո մի քանի օրվա ընթացքում կվերադարձվեն նույն կազմակերպություններին, որպեսզի նրանք այդ գումարներն օգտագործեն իրենց բնականոն գործունեությունը ծավալելու համար։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի տրված վարկերի մարման համար, որոնց ամբողջական մարման վերջնաժամկետը հոկտեմբեր ամիսն է, երեք ամսով երկարաձգվում է դրանց սուբսիդավորման արտոնյալ ժամանակահատվածը՝ հոկտեմբերից տեղափոխվելով դեպի դեկտեմբեր.
«Շատ կարևոր է նաև այն, որ մենք հնարավորություն ենք տալիս կազմակերպություններին արտոնյալ պայմաններով վերազինվել և ձեռք բերել տեխնիկա և միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց գործունեությունը ծավալելու համար։ Այն կազմակերպությունները, որոնք կորոշեն մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը վերազինել իրենց տեխնիկական հնարավորությունները, ապա նրանց մինչև 1 մլրդ դրամ գումար կտրամադրվի»։