ՀՀ Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին տեղի ունեցած նիստում հաստատեց փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը։
Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, ներառականության և կայուն զարգացման ապահովման կարևորագույն գործոններից է: ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում փոքր և միջին ձեռնարկությունների ներուժը Հայաստանի կայուն և ներառական աճի գործընթացում և մեծապես կարևորում է ՓՄՁ զարգացումը։
Ռազմավարական փաստաթղթի նպատակն է նպաստել ՓՄՁ մրցունակության բարձրացմանը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտը, ռեսուրսների, այդ թվում նաև ֆինանսների հասանելիությունը, շուկաների հասանելիությունը, մարդկային կապիտալի և ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը։
Ռազմավարությունը նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին ներքին և միջազգային թիրախային շուկաներում՝ մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:
Ռազմավարության հաջող իրականացումը կհանգեցնի Հայաստանում, հատկապես՝ մարզերում, կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորմանը և զարգացմանը։