Բնապահպանական նույնիսկ նվազագույն ռիսկի դեպքում Ամուլսարի հանքավայրը չպետք է շահագործվի: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հանքային արդյունաբերության զարգացման հարց է, այլև պետական կառավարման համակարգի ձախողման վկայություն:
«Եթե ընկերությունը չպետք է աշխատի, ապա այդ որոշումը պետք է ընդունի պետությունը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ, որոնք արդեն մեկուկես-երկու տարի ինչ–որ տնակներում սար են պահում։ Պատկերացնո՞ւմ եք նույնիսկ ձևակերպումը, ասում են` մեր սարը պահում ենք։ Հասկանում եմ այդ մարդկանց և բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի, եթե մինչև հիմա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է անում», – ասել է նա։
Քոչարյանը նշել է, որ չի կարդացել շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության գնահատականը: «Որքան ես հասկանում եմ, ոչ մեկը չի հայտարարում, որ չկան ռիսկեր։ Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր։ Եթե կան ռիսկեր, ուրեմն չպետք է աշխատացնել, բայց դա պետք է որոշի պետությունը», – հավելել է նա։
ՀՀ նախկին նախագահն անթույլատրելի է համարել Ջերմուկի հարևանությամբ բաց հանքի շահագործումը, ինչը ենթադրում է պայթեցման աշխատանքներ ՝ շաբաթական երկու կամ երեք անգամ։ Նաև վտանգավոր է հանքի տարածքում հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելը։
Նրա խոսքով ՝ այս փուլում կարելի է առաջարկել երկու բան ՝ հանքը փակ եղանակով շահագործել և հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել հանքից հեռու: