Մեկ շաբաթ է՝ վարունգի վաճառքը «կանգնել» է: Այս մասին Armenia Today-ին ահազանգեցին Արմավիրի մարզի բնակիչները:
Նրանց խոսքով՝ ամբողջ տարին չարչարվել են, ներդրումներ արել, իսկ հիմա չեն կարողանում աշխատանքից եկամուտ ստանալ: Բերքը չի վաճառվում:
Խորոնք համայնքի ղեկավար Գևորգ Նահապետյանը պատմեց, որ գյուղացիները վարունգը վաճառելու են տանում մարզում գտնվող ամենամեծ՝ ժողովրդին առավել հայտնի «Մեհմանդար» կոչվող գյուղատնտեսական շուկա, բայց հետ են բերում: Չվաճառված բերքը գյուղացիների մի մասն անասնակեր են դարձնում, մյուս մասն՝ աղբանոցը նետում: Այստեղ միայն ջերմոցում մոտ 50 հեկտար վարունգ են մշակել:
«Երկու օր առաջ ամբողջ գյուղի բնակիչները վարունգը շուկայից հետ էին բերել՝ չէր վաճառվել: Շուկան լճացած է: Մենք դեռ դաշտերում 15-20 հեկտար վարունգ ունենք, որոնք վաճառքի ենթակա են: Հիմա ջերմոցների վարունգն ենք վաճառում, սակայն, չի ծախվում: Ընտիր վարունգը 50 դրամ եմ ասում. գնորդ չկա: Նույնիսկ 30-40 դրամով չեն տանում: 10 օր է՝ շուկա համարյա սպառող չի մտնում»,- նեղսրտեց հողագործը:
Ըստ նրա՝ առևտուրը չկա, քանի որ մարդիկ գումար չունեն, եղածն էլ երեխաներին դպրոց ուղարկելու համար հագուստ ու գրենական պիտույքներ են գնում:
Գնորդը միայն պահածոյացման ենթակա փոքր վարունգներին է ուշադրություն դարձնում: Կիլոգրամը 250 դրամով տանում են:
«Այդպես էլ մարդկանց ձեռ չի տալիս: 100 հատ մանր վարունգը մեկ կիլոգրամ է կազմում: Մարդիկ ստիպված այդպես են քաղում, որ իրացվի, բայց դա էլ այն չէ: Գործարանները միայն նրանցից են վարունգ գնում, որոնց հետ պայմանագիր ունեն կնքած: Գյուղում միայն մեկ- երկու հոգի են պայմանագրով վերամշակող ընկերության հետ աշխատում: Գործարանները գյուղմթերք չեն ընդունում։ Ամեն ինչ կապում են կորոնավիրուսի հետ և ասում, որ այս տարի վաճառք չեն ունեցել, գումար չունեն և հիմա էլ հումք չեն ընդունում»,- նշեց Գևորգ Նահապետյանը:
Համայնքում, անգամ, գյուղացիներ կան, որոնք վատ սպառման պատճառով վարունգը դաշտից չեն հավաքում։
Ամբերդ համայնքում էլ նույն վիճակն է: Մոտ 7 հեկտար վարունգ են ցանել և առատ բերքի ձեռքը կրակն ընկել: Ամբերդի բնակիչ Սամվել Բաբայանը դժգոհում է, որ վարունգը չեն կարողանում իրացնել, հարկերն ու պարտքերն էլ կուտակվել են:
«Չենք կարողանում հողի ու ջրի հարկը տալ: Հողը վարկերի միջոցով ենք մշակել և այսօր չենք կարողանում տոկոսները տալ, որովհետև վաճառք չկա: Բերքը շատ է՝ չի վաճառվում»,- ասաց գյուղացին:
Հողագործները դժգոհում են, որ այս սեզոնին վարունգ չի արտահանվում։ Միայն կծու պղպեղ է արտահանվել՝ այն էլ նախորդ տարվա համեմատ զգալի ցածր գնով: Ամենաընտիր բերքը կիլոգրամը 50 դրամով են արտահանում, մինչդեռ անցյալ տարի 100-120 դրամով էին արտահանողները գնում:
Գյուղացիների դժգոհությունը զայրացնում է Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանին։ Նա հակադարձում է գյուղացիներին և պնդում, որ այս տարի վարունգի վաճառքը շատ լավ է եղել։ Այս սեզոնին բերքը առատ է և վաճառքը դանդաղ է ընթանում։
«Շուկաներում կիլոգրամը 100 դրամով վաճառում են. է՞լ ինչ են ուզում. ուզում են՝ 150 դրամով ծախե՞ն։ Այդպիսի բան չկա, որ վարունգը 30-40 դրամով չի վաճառվում։ Իմ աներձագը երեկ շուկայում է եղել. 100 դրամով վաճառել, եկել է։ Ես ո՞ւմ հավատամ»,- վրդովվեց մարզի գլխավոր գյուղատնտեսը։
Այս տարի Արմավիրում մոտ 1000 հեկտար վարունգի ցանքատարածություններն են զբաղեցնում։