2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի: Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին»,- գրել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:
«Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,- գրել է կառավարության ղեկավարը։
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանման ոլորտում 166 տոկոս աճը՝ 5.5 միլիոն դոլարի արժեքով: