Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։
Նշենք, որ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհուրդը հիմնվել է 2015թ. մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրով` հայ-ամերիկյան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, խոչընդոտների բացահայտման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման նպատակով:
Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Միացյալ Նահանգների հետ 2019 թվականին կազմել է 334.23 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 47.8%-ով (2018 թվականին կազմել է 226.06 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Միացյալ Նահանգներ կազմել է 53.91 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 13.1 %-ով (2018 թվականին կազմել է 47.68 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 280.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 57.1%-ով (2018 թվականին կազմել է 178.39 մլն ԱՄՆ դոլար):
2019 թվականին Հայաստանի Հանրապետությունից Միացյալ Նահանգներ արտահանված առավելագույն մաքսային արժեք ունեցող հիմնական ապրանքները եղել են՝ ալյումինե նրբաթիթեղը, ադամանդը, պղնձի թափոնը և ջարդոնը, ալկոհոլային խմիչքները, ոսկերչական իրերը, պահածոյացված միրգն, ընկուզեղենը, հատապտուղները։
2019 թվականին Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքատեսակները՝ մարդատր ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, արհեստական թելերից լարան, ընտանի թռչնի միս և մսամթերք, դեղամիջոցներ: