Այս տարվա ընթացքում «Կանչ» համայնքի ֆերմերների միության նախագահ, անասնապահ Հովհաննես Մխիթարյանը 100 գառ է արտահանողներին վաճառել։ Թեև չի կարողանում ստույգ թիվ ասել, բայց պնդում է, որ Արագածոտնի մարզից այս տարի շատ է մանր եղջերավոր կենդանիներ արտահանվել։
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով։
Հովհաննես Մխիթարյանը ասում է՝ ֆերմերները դժգոհ չեն նաև գներից։ Նա Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գառան հատը 45000 դրամով է միջնորդներին վաճառել, որոնք էլ, իրենց հերթին մի քանի հազար դրամ աշխատելով, մանր եղջերավոր կենդանուն արտահանողներին են հանձնել։
Գառան համար սահմված գինը գյուղացին աննախադեպ է համարում, քանի էս վերջին տարիներին գառան գինը կտրուկ նվազել էր։ Նրա խոսքով՝ վերջին 7-8 տարիների ընթացքում գառան գինն անընդհատ տատանվել է։ Հովհաննես Մխիթարյանը հիշում է՝ կար տարի, երբ Պարսկաստան արտահանվող ոչխարի գինը 70-80 000 դրամ է եղել, հետո՝ կտրուկ գները նվազել են։
«Վերջին 4 տարիներին գները «սկցրել» են՝ հասցնելով 30000-ի։ Հիմա արժեքը կարգավորվում է։ Չեմ կարող թվերով ասել, թե մեր տարածաշրջանից ինչքան ոչխար են տարել, բայց փաստ է, որ այս ընթացքում կրում էին»,- նկատեց նա։
Կանչում զարգացած է ոչխարաբուծությունը։ Աշխատանք չունեցող գյուղացիները ապրուստը վաստակում են հիմնականում հողագործության և անասնապահության միջոցով։
Ֆերմերը պնդում է՝ գյուղացին կարող է ոչխար պահելով ընտանիք պահել, եթե անասնապահության այդ ճյուղը զարգացնելու համար պայմաններ ստեղծվեն։ Նկատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է միայն հորդորի ոչխար պահել, այլ նաև խոչընդոտները վերացնի։
«Վերևներում ասում են՝ ոչխար պահեք՝ օգուտ է, բայց խանգարող հանգամանքները հաշվի չեն առնում։ Սովետի ժամանակ ամեն համայնք սարերում արոտավայրեր ուներ։ Եվ անասնապահությամբ զբաղվող մարդը տարվա մեջ մի քանի ամսով իր հոտը բարձրացնում էր սար։ Նախկին կառավարության որոշմամբ՝ այդ տարածքները համայնքների ձեռքից վերցրեցին։ Որպես գործից հասկացող մարդ, ես կարող եմ ասել, որ ամեն համայնք իր արոտավայրը պետք է ունենա, որ ոչխարաբուծությունը կարողանա զարգանալ։ Անասնակերի պակասն էլ է խոչընդոտում ոչխարաբուծության զարգացմանը»,- ասաց Կանչ համայնքի բնակիչը։
Որպեսզի ոչխարաբուծությունը եկամտաբեր գործ դառնա, ըստ ֆերմերի, պետք է անասնակերն էժան լինի, իսկ մեկ գառն էլ 45 000 դրամից էժան չլինի։ Մինչդեռ այս տարի Արագածոտնի մարզում անասնակերը պակաս է, ստիպված են թանկ գնով խոտ կուտակել։
«Մեզ մոտ ձմեռը 4-5 ամիս է տևում, այդ ընթացքում պետք է կերակրել, իսկ, օրինակ, Արարատյան դաշտում նկենդանիներին ավելի շուտ են արոտ հանում և մենք իրենց հետ մրցունակ չեն։ Մենք դուրս ենք մղվել։ Սարերը պետք է գյուղացիներին տան, որ կարողանան անասնապահությամբ զբաղվել։ Ոչխարաբուծությունն առանց սար գնալու չի զարգանա։ Արդյունավետության, եկամտաբերության համար պետք է սար բարձրանալ։ Համայնքում կարող ես 50 տոկոսով այդ գործը զարգացնել, բայց ոչ այն ցանկալի արդյունքով, որը և՛ գյուղացին է ուզում, և՛ պետությունը։ Պետք է վերանայվի արոտների հարցը։ Կաբինետում նստած տեղյակ չեն, որ սենց նրբություններ կան։ Ասելուց հետո, պետք է պայմաններ ստեղծել»,-նշեց մեր զրուցակիցը։
Ֆերմերը ոլորտը համակարգողներին խորհուրդ է տալիս լսել իրենց խնդիրները և միասին անելիքները քննարկել։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «ոչխար պահելու» իր հորդորները տեղ են հասել։ Եվ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի: