ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած նիստում, հաստատեց «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները։
Բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում և կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը։
Ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:
Բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն հետևյալ պայմաններին համապատասխան շինություններում՝
1) Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևան համայնքի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտորոնում և Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտորոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտորոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից,
2) վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների` յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը: Վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը,
3) նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքերական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին (վիճակախաղի դեպքում՝ տասնութ տարին) չլրացած ֆիզիկական անձանց և Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ բուքմեյքերական գրասենյակ:
Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:
Հիշեցնենք՝ նախորդ տարի Ազգային ժողովն ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը: Համաձայն օրենքի նախագծի՝ հանրապետության տարածքում այսուհետ բուքմեյքերական գրասենյակներ կլինեն յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում, Մեղրիում և Սևանում, որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը: