Կորոնավիրուսի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսական վերականգնումը կտևի հինգ տարի: Նման կարծիք հինգշաբթի հայտնել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարթը՝ Մադրիդում կազմակերպված «Միտումներ -2021» ֆորումին տեսակապի միջոցով ելույթի ժամանակ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տնտեսության ամբողջական վերականգնումը կտևի հինգ տարի»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը: Ռեյնհարթն հավելել է, որ համավարակի արդյունքում առաջացած ռեցեսիան որոշ երկրներում ավելի երկար կտևի, քան մյուսներում, և դա կխորացնի անհավասարությունը, քանի որ ամենաաղքատ երկրներն ավելի շատ կտուժեն ճգնաժամից:
Չորեքշաբթի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ Լորանս Բունը կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը մինչև 2021 թվականի վերջը 7 տրիլիոն դոլար էր գնահատել:
Նշենք, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով շատ երկրներում առաջացել են լուրջ տնտեսական խնդիրներ։