Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրել է տեսչական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշել է, որ 2018թ. ոլորտի բարեփոխման շրջանակում 18 տեսչությունների օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին: Վերջիններս կառավարությանը ենթակա մարմիններ են, գործառույթների հստակ տարանջատման շնորհիվ անկախ են քաղաքականություն մշակող մարմնից, և չկա շահերի բախում՝ ինչպես նախկինում: Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է տեսչական բոլոր մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը, որի շրջանակում պլանային ստուգումներն իրականացվում են՝ հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը, այլ ոչ թե պատահականության սկզբունքով:
Ա. Ասոյանի խոսքով՝ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն:
Ներկայում աշխատանք է տարվում տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների փոփոխության, օրենսդրական կարգավորումների բարելավման, հանրային վերահսկողության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործուն մեխանիզմների ձևավորման ուղղությամբ: