Եթե ուզում ենք մինչև 2050 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան հոսքը հասցնել 15 միլիոնի, նախ պետք է առաջնահերթ խնդիրները լուծել։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ռիմա Թրավլ» զբոսաշրջային գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը։
Նա 23 տարի է՝ զբոսաշրջության ոլորտում է։ Ասում է՝ այս ընթացքում փորձել է քարը քարին դնել և ոլորտն առաջ տանել, սակայն խանգարող հանգամանքներ են եղել։
«Պետության ներկայացրած թվին հասնելու համար բավականաչափ աշխատանքներ պետք է տարվեն թե՛ զբոսաշրջային ընկերությունների կողմից, թե՛ Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից։ Համախմբված, բոլորս միասին պետք է կարողանանք աշխատել, որպեսզի շատ զբոսաշրջիկներ կարողանան գալ մեր երկիր։ Զբոսաշրջությունը զարգացնելն այդքան էլ հեշտ չէ, որ որոշ մարդիկ իրենց տեղերում նստած պատկերացնում են»,- նշեց ոլորտի ներկայացուցիչը։
Ռիմա Խաչատրյանի կարծիքով՝ հիմա մեր երկիրն ամենից առաջ գովազդի կարիք ունի։ Այս ընթացքում շատերն են Հայաստանի մասին մոռացել. պետք է հիշեցնել։
«Բավական ժամանակ է՝ զբոսաշրջային հոսքեր չկան, աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի մասին մոռացել են, ինչպես մենք մոռացել ենք այլ երկրների մասին։ Պետք է անընդհատ հիշեցնել մեր երկրի տեղը՝ որ Հայաստանը կա՛. ներկայացնենք մեր տեսարժան վայրերը։ Առաջին հերթին պետք է գովազդային հոլովակներ պատրաստենք, որ զբոսաշրջիկները, տեսնելով մեր երկիրը, գան»,-նկատեց նա։
Մեր երկրում հյուրանոցային ծառայություններն են թանկ։ Զբոսաշրջիկ բերելու համար, ըստ զբոսաշրջային ընկերության տնօրենի, պետք է գները նվազեցնել, որ մեր երկրում հանգիստն անցկացնելը թանկ հաճույք չլինի։
«Արդեն մի քանի տարի է՝ խոսում ենք այն մասին, որ հյուրանոցների գները շատ բարձր են։ Հասկանալի է, որ մեզ մոտ հյուրանոցներն ընդամենը 3-4 ամիս են աշխատում։ Դա գալիս է նաև նրանից, որ հյուրանոցները մի աշխատելաոճ են մշակել, որ իրենք չեն աշխատում զբոսաշրջային գործակալությունների հետ։ Այդ ընթացքում նրանք կանգնում են խնդրի առաջ. ինչու՝ որովհետև զբոսաշրջային ընկերությունները հաճախ են փակվում, և հյուրանոցները վախենում են նրանց հետ գործարքի մեջ մտնել։ Նախ, խնդիրներից խուսափելու համար հյուրանոցները պետք է աշխատեն այն զբոսաշրջային ընկերությունների հետ, որոնք վստահություն են ներշնչում»,- մատնանշեց նա։
Ռիմա Խաչատրյանը վերջերս է եղել Հայաստանի տեսարժան վայրերից մեկում՝ Ծաղկեվանքում։ Տեսածից ուշքի չի գալիս։ Ճանապարհներն անմխիթար վիճակում են, որը ևս խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը։
«Ահավոր վատ վիճակում են ճանապարհները։ Մենք հիմա խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին, բայց զբոսաշրջիկը չի կարող այդ ճանապարհով գնալ։ Ես երկրորդ անգամ նույն տեղը չեմ գնա՝ նման ճանապարհ հաղթահարելով։ Առաջնահերթ պետք է մեր ճանապարհները բարեկարգենք։ Զբոսաշրջային արժեք ունեցող ճանապարհների խնդիրը պետք է կարգավորել և նոր խոսել զբոսաշրջության զարգացման մասին»,- կարևորեց մեր զրուցակիցը։
Սա մինչև 2050 թվականը, հիմա վերադառնանք մեր օրեր։
Ներքին տուրիզմը վերջերս աշխուժացել է։ «Ռիմա Թրավլ»-ի տնօրենի դիտարկմամբ, սակայն, դրանից զբոսաշրջային գործակալությունները ոչինչ չեն շահում։
«Այս ընթացքում մեր զբոսաշրջային գործակալությունը փորձեց տուրեր կազմակերպել, բայց չստացվեց, որովհետև դիմողներ չեղան։ Մարդիկ, ովքեր անձնական մեքենաներ ունեն, իրենք գնում են այդ վայրերը, և զբոսաշրջային գործակալություններին չեն դիմում»,- ափսոսանք հայտնեց նա։
Իսկ Եգիպտոսն ու Դուբայն իրենց դռները բացել են հայերի առաջ։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ շարժ կա, բայց առաջվանը չէ․ կորոնավիրուսն ազդել է մարդկանց ֆինանսական վիճակի վրա. քաղաքացիներից շատերը գումար չունեն դրսում հանգստանալու մեկնելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության մեգանպատակներից մեկն էլ զբոսաշրջության զարգացումն է։ Ըստ դրա ՝ պետությունն ակնկալում է մինչև 2050 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան հոսքը հասցնել 15 միլիոնի։