Հայաստանի Կենտրոնական բանկն առաջարկում է երկրում ներդնել պատասխանատու վարկավորման հայեցակարգ: Այս մասին խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։
Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ իր ելույթում Երիցյանը ընդգծել է, որ վարկային զանգվածային արձակուրդները կհանգեցնեն մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական մեծ կորուստների: Նա ընդգծել է, որ վարկային պարտավորությունների կատարման հարցում որևէ զիջում ունի իր ֆիսկալ, հարկաբյուջետային գինը:
Երիցյանի խոսքով՝ նման միջոցառումները կարող են բացասական փոփոխությունների հանգեցնել վարկառուների մտածողության մեջ, որոնք կարող են դադարեցնել վճարումները՝ համարելով, որ հետագայում համաներում կլինի:
ԿԲ փոխնախագահն ընդգծել է, որ բանկերը ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին վարկավորում են իրականացնում: Ներսես Երիցյանը նաև նշել է բանկերի կողմից տրամադրված վարկերը տարբերակելու անհրաժեշտությունը որոշ վարկային կազմակերպությունների կողմից բարձր տոկոսներով տրվող գումարներից: Նա տեղեկացրել է, որ վերջիններիս տեսակարար կշիռը վարկավորման ընդհանուր գործընթացում համեմատաբար փոքր է։
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին խորհրդարանում լսումներ են անցկացվել ժամկետանց վարկերի համաներման, ինչպես նաև Հայաստանի բանկային համակարգում առկա այլ վարկային խնդիրների վերաբերյալ: Լսումները տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։