ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն այցելել են Արարատի մարզի մթերման կայաններ, զրուցել ֆերմերների հետ, հետևել խաղողի մթերման գործընթացին։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
«Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին»,-նշել է Արման Խոջոյանը և ավելացրել․ «Այսօրվա դրությամբ օպերատիվ տվյալներով արդեն մթերվել է 74 հազար տոննա խաղող, վերջին երեք օրվա դրությամբ մթերման տեմպը հաշվի առնելով կարող ենք ասել, որ օրական մթերվում է միջինը 8-ից մինչև 10 հազար տոննա խաղող»:
Մթերման կետերում ֆերմերներին ներկայացվել է Կառավարության մոտեցումը մթերումների կազմակերպմանը և վերամշակման ոլորտում պետության կողմից առաջարկվող գործիքակազմը։ Ընդգծվել է, որ յուրաքանչյուր գործարան սահմանում է իր գնային քաղաքականությունը, որը կախված է խաղողի շաքարայնությունից, դրանից ելնելով՝ հիմնականում մթերման գները տատանվում են 135-150 դրամի միջև։
Արման Խոջոյանի խոսքով՝ գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են մի քանի գերատեսչությունների մասնագետներ՝ Նախարարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև ոստիկանությունից, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։ Գործընթացը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նա նաև հավելել է, որ նախքան մթերման սեզոնի մեկնարկը բոլոր կշեռքները ստուգաչափվել են՝ անճշտություններից խուսափելու նպատակով։
«Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արդեն մթերվել է 74 հազար տոննա խաղող, վերջին երեք օրվա դրությամբ մթերման տեմպը հաշվի առնելով կարող ենք ասել, որ օրական մթերվում է միջինը 8-ից մինչև 10 հազար տոննա խաղող», – ամփոփելով այցը, նշել է փոխնախարարը։