Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 6-ի հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նիստի օրակարգում է « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերի քննարկումները։
Կառավարության հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թ.-ի տնտեսական անկումը, հետևաբար նաեև հարկաբյուջետային ցուցանիշների վատթարացումը՝ մասնավորապես հարկային եկամուտների անկումը, պետական բյուջեի պակասուրդի մեծացումը և կառավարության պարտքի աճը, կլինեն ավելի մեծ, քան այն ցուցանիշները, որոնք ընկած են ապրիլ ամսին իրականացված օրենսդրական փոփոխությունների հիմքում:
Ռազմական գործողությունների ակտիվացումը և ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց:
Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետևաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:
Ըստ Կառավարության՝ ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:
Կառավարությանմ պարզաբանմամբ՝ նախագծին ուղղված է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ ՀՀ վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը: