Վերջին օրերին հատկապես հուղարկավորությունների համար առավել մեծ պահանջարկ ունեցող ծաղիկները՝ մեխակ, վարդ, գերբերա, թանկացել են։
Բնականաբար, մեր համաքաղաքացիներին հուզում է ծաղիկների գնաճը, քանի որ այն տեղի է ունենում պատերազմական օրերին։ Այս հարցում փոխադարձաբար միմյանց են մեղադրում ծաղկի սրահի տերերն ու ծաղիկ աճեցնողները։
Արմենիա Թըդեյի հետ զրույցում ֆերմեր Գարիկ Ղազարյանը նշեց, որ իր աճեցրած մեխակի գինը բարձրացրել է ընդամենը 20 դրամով՝ 50 դրամից դառնալով 70։
«Տո չէ, մենք ո՞նց կարող ենք պատերազմի հաշվին գումար աշխատել։ Գնաճը սեզոնայնությամբ է պայմանավորված։ Սովորաբար աշնան և ձմռան շրջանում ծաղկի գները բարձրանում են։ Հիմա ապրանքը քիչ է։ Եթե մեկ ամիս առաջ օրը 1000 հատ մեխակ էի քաղում, այս օրերին արդեն 500 հատ եմ քաղում։ Եթե ծաղիկը թանկացել է, դա չի նշանակում, որ ծաղկեպսակների գինը պետք է կտրուկ բարձրացնել»,- ասաց ֆերմերը։
Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Հովհաննես Հունանյանը նույնպես հավաստիացրեց, որ մեծածախ շուկայում էական գնային փոփոխություններ չկան։ Ավելին՝ ծաղիկ աճեցնող ֆերմերը նշում է, որ գները հիմա հավասարվել են նախորդ տարվա արժեքին։
«Անցյալ տարվա համեմատ չի թանկացել, բայց եթե համեմատում ենք 2 ամիս առաջվա գների հետ, էական տարբերություն կա։ Շուկայում մեխակի հատը 20 դրամի կարգի էր վաճառվում, այս օրերին դարձել է 80 դրամ, նախորդ տարի ևս մեկ մեխակը նույն գինն ուներ։ Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետևանքով ապրանքը չէր վաճառվում․ շատ ֆերմերներ ստիպված եղան այն թափել։ Հիմա ջերմոցատերերը ձմռան սեզոնին ընդառաջ պետք է նոր մշակություն սկսեն, ինչը ծախսատար է։ Բացի այդ էլ, գազի սակագինն է ջերմոցատերերի համար բարձրացվել»,- իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքներին այսպես պատասխանեց ֆերմերը։
Սակայն, նա նույնպես անընդունելի է համարում, որ հիմա կարող է որևէ տնտեսվարող պատերազմի հաշվին շահույթ ստանալ և մեղադրում է վերավաճառողներին, նշելով, որ հենց ծաղկի սրահների տնօրենների թեթև ձեռքով են գները բարձրացվել։
Իսկ ծաղկի սրահների տերերը հակառակն են պնդում։
«Պաստիֆլորա» ծաղկի խանութի վաճառողը վստահեցրեց, որ ծաղկեպսակները չեն թանկացել։ Այս խանութում ծաղկեպսակի արժեքը սկսվում է 25 000 դրամից։ Վաճառողուհին պնդում է, որ վերջին օրերին գնային փոփոխություններ չեն արել։
«Ջերմոցատերերը ծաղկի գինը բարձրացրել են, տնօրենն արդեն թանկ է ապրանքը գնում, բայց մեզ մոտ թանկացում չկա, և ավելի քիչ եկամտով ենք աշխատում։ Չգիտենք, թե ինչու են ջերմոցատերերը ծաղկի գինը բարձրացրել։ Գիտենք, որ այս օրերին ծաղկեպսակներն ու ծաղիկներն Արցախում զոհված զինծառայողների հուղարկավորությունների համար են տանում։ Մենք ինչքան կարողանում ենք, զեղչեր ենք անում, որովհետև զինվորների ծնողներն ու հարազատներն են գնորդները։ Ամոթ է, որ բարձրացրել են գները»,- ասաց «Պաստիֆլորա» ծաղկի խանութի վաճառողուհին։
Մինչ ծաղիկ աճեցնողներն ու իրացման կետերի սեփականատերերը միմյանց են մեղադրում գները բարձրացնելու համար, Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից։
Հանձնաժողովն ուսումնասիրել է ծաղկի շուկան և արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ մեր երկրում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար, ՏՄՊՊՀ-ն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել: