Պատերազմում զոհված, անհետ կորած և վիրավորված անձանց, նրանց հարազատի՝ ամուսնու, համատեղությամբ ապրող ծնողի կամ զավակի վարկի տոկոսները և մայր գումարը կներվի։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Փոխնախարարի պարզաբանմամբ՝ բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կներեն զոհված զինծառայողների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտականությունները։
«Վարկերը ներելն օրենքով չի պարտադրվում և գործնականում չի էլ կարող պարտադրվել, որորվեհտև սա երկու անձանց միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկա է։ Նոր օրենքը, սակայն, հնարավորություն է տալիս, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները, առանց հարկային հետևանքներ կրելու, կարողանան ներել այդ վարկային պարտավորությունները։ Այսինքն՝ պետությունն օրենքի ընդունմամբ բանկերի և վարկային կազմակերպությունների բեռը կիսում է։ Պետությունը հրաժարվում է իրեն հասանելիք հարկերից՝ բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկելով հրաժարվել իրենց հասանելիք գումարից»,- բացատրեց Պողոսյանը։
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել օգտվել պետության ընձեռած հնարավորությունից և առավել մեծ ծավալով վարկային պարտավորություններ ներել։
Արման Պողոսյանն անդրադարձավ նաև Հարկային օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության, որով կազմակերպություններին և ֆիզիկական անձանց, առանց հարկային և մաքսային պարտավորություններ կրելու, հնարավորություն է տրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքներ ներկրել և հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին՝ որպես շահառուների:
Ըստ նրա՝ խոսքը ներմուծված ապրանքներն ակցիզային հարկից, ավելացված արժեքի հարկից և բնապահպանական հարկից ազատելուն է վերաբերում:
«Նպատակն է նախաձեռնությունն ու աջակցությոունն առավելագույնս հասցեական դարձնել։ Դեռ ցանկը հաստատված չէ, արտոնությունները կկիրառվեն բոլոր ապրանքների նկատմամբ»,- նշեց Պողոսյանը:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ-ն Հարկային օրենսգրքում լրացումներ է կատարել, որով բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կներեն զոհված զինծառայողների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտականությունները։