2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, որը 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը և հետաքրքրվեց, թե պարգևավճարների մասով փոփոխություն նախատեսվո՞ւմ է։
Նախարար Ջանջուղազյանը պատասխանեց, որ ներկայացված նախագծում որևէ փոփոխության մասին խոսք չկա։
«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու։ Պարգևավճարների լուծումը ներկայացրել ենք որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգում ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք լուծում չի գտնվել։ Իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»,- պարզաբանեց նախարարը։