Շրջանառության հարկը պետք է վերանայվի։ ԱԺ-ում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ շրջանառության հարկի գծով հարկային բեռի վերանայման թեզը բազմիցս են առաջարկել։ Հիմա Ատոմ Ջանջուղազյանն ասում է, որ շրջանառության հարկի վերանայման հարցը պետք է օրակարգ բերվի։
«Շրջանառության հարկին պետք է վերաբերվել որպես այլընտրանք, բայց ոչ որպես արտոնություն։ Այս հարկատեսակը մենք այլ երկրներից ենք վերցրել։ Բայց պետք է նշել, որ ոչ լավագույն եղանակով ենք այդ փորձը մեր երկրում կիրառում։ Դա բոլոր երկրներում պարզունակ գործունեության տեսակների համար նախատեսված հարկային ռեժիմ է։ Հարկային բեռի այնպիսի շեմ է նախատեսված, որպեսզի ամենամեծ ցանկության դեպքում այդպիսի պարզունակ գործունեությամբ զբաղվող պոտենցիալ հարկատուները այն վճարելու որևէ հնարավորություն չունենան։ Մեր երկրում ունենք փոքր- ինչ տարբերվող տարբերակ։ Այդ տեսակետից կարծում ենք, որ քննարկման թեմա պետք է դառնա նաև հարկային շեմի փոփոխության հարցը», – նկատեց նախարարը։
Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակը հարկ վճարողների պատասխանատվության աստիճանը բարձրացրել է, հետևաբար, ավելի բարձր հարկային եկամուտների ցուցանիշ են սպասում: