Հայաստանում մակրոտնտեսական վիճակը կայուն է։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է, որ համավարակի պայմաններում այս տարի հավաքագրված հարկերի՝ նախատեսվածից շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում։
ՊԵԿ նախագահը խոստովանում է՝ պատերազմական վիճակով պայմանավորված սպասումները լավատեսական չեն եղել։ Բայց տնտեսվարողներն արդարացրել են նրա հույսերը, ինչի արդյունքում այս տարվա հարկային եկամուտները գերազանցելու են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամը։
«Արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, մանրածախ առևտուրն ակտիվությամբ աչքի են ընկել այս ընթացքում։ Հետաքրքիր դիտարկումներ ունենք․ կարգապահությունն ավելի բարձր նշաձողի վրա է պահպանվել ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ, քան՝ շրջանառության հարկ վճարողների: Մարտից տնտեսության բազմաթիվ ճյուղեր պարալիզացված են համավարակի պատճառով, սակայն, տնտեսության մյուս ճյուղերի հարաբերական կայունության ապահովմամբ, հնարավոր է եղել գեներացնել հարկային պարտավորությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ 2019-ին տրանսպորտային միջոցների մեծածավալ ներկրման արդյունքում մաքսային վճարներն ավելի շատ են կազմել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում էր արել՝ հայտնելով, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է. չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում։