Թուրքական ապրանքների արգելքը գնաճի չի բերի։ Աժ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ տնտեսվարողները պետք է վերադասավորվեն և նոր շուկաներ գտնեն։
«Մենք խոսում ենք մեր շուկայի ամբողջ սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների մասին։ Որևէ տնտեսական սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքները գերակշռող լինեն։ Հետևաբար, վստահաբար կարող եմ ասել, որ գնաճ չի լինի։ Ներկրումներ կիրականացվեն այլ շուկաներից։ Օրինակ՝ կա թուրքական արտադրության հեռուստացույց, կա նաև մալազիական կամ չինական արտադրության։ Դրանք որակով գրեթե չեն զիջում։ Միայն սպառողի նախասիրության հարց է, թե որ մեկն է ցանկանում գնել։ Թուրքական ապրանքների արգելքով, չեմ կարծում, թե մեր կյանքում որևէ էական փոփոխություն տեղի ունենա»,- շեշտեց նա։
Էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ ներկրումների մի մասը կփոխարինվի տեղական արտադրությամբ:
Իրենք նախատեսում են աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվական:
Խաչատրյանը նշեց, որ ովքեր կունենան ֆինանսական խնդիրներ, պատրաստ են քննարկելու այդ հարցերը։ Տրամադրելու են նաև հասցեական աջակցություն։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ վեց ամսով ժամանակավոր արգելք է դրվելու թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: