2021-ին էներգետիկ ծանր տարի է սպասվում, ատոմակայանն աննախադեպ երկար կանգնելու է։ Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Այս տարի արդեն ստանում ենք էներգետիկայի հաշվեկշիռները հաջորդ տարի սակագների վերանայման գործընթաց սկսելու համար։ Գիտեք` փետրվարից փետրվար է իրականացվում վերանայումը։ Այս պահին դեռ չեմ ուզում որևիցե կոնկրետ թվային գնահատականներ տալ»,- ասել է նա։
Բաղրամյանը հայտնել է, որ ՀԷՑ-ում այս տարի բավականին խնայողություններ են եղել, կորուստները նվազել են շուրջ 2.5 տոկոսով, որը համարժեք է 4-5 մլրդ դրամի։
«Բայց դրան զուգահեռ 2021 թ.-ին նախատեսվում է ատոմակայանի ամենամեծ աշխատանքները՝ կյանքի երկարաձգման համար և աննախադեպ երկար կանգնելու է՝ մոտ 140 օր, սովորական նախատեսված 45 օրվա համեմատ։ Բնականաբար, այդ կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ–երում արտադրված էլեկտրաէներգիայով»,- ասաց Բաղրամյանը։