Ճգնաժամի պայմաններում ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ։ Այս մասին ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նախարարին հարցրեց, թե, հաշվի առնելով համավարակն ու պատերազմը, արդյոք 2021 թվականի պետբյուջեի ծախսերը չպե՞տք է խնայողական լինեն։
Ըստ Անի Սամսոնյանի՝ պետք է վարչական ծախսերը, թանկարժեք գնումները կրճատել և այդ գումարներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը։
Ատոմ Ջանջուղազյանի պարզաբանմամբ՝ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է՝ վերականգնման միջավայր ստեղծելու տեսակետից ծախսերի կրճատման հարց չի դրվում։
«Համաշխարհային փորձն էլ է ցույց տալիս, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և վերականգնում ապահովելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է։ Իսկ 2021-ի համար մենք ծախսերի երկու խմբի դեպքում էլ կիրառել ենք այն մոտեցումը, որը հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից կլինի լավագույնը: Ամեն ինչ պետք է փորձենք անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի, քանզի գիտակցում ենք, որ նաև դա է տնտեսական աճը վերականգնելու տարբերակը: Հակառակ դեպքում կարող ենք այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի կխորացնեն խնդիրը»,- պատասխանեց նախարարը։
Ատոմ Ջանջուղազյանը չբացառեց, որ ծախսերի վերաբաշխումներ կլինեն։ Նրա պնդմամբ՝ վերաբաշխումներ տեղի են ունենում նաև այսօր։