«ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը որևէ կապ չունի մեր երկրի տնտեսական իրավիճակի հետ։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Հայաստանն այսօր գտնվում է սոցիալ- տնտեսական ճգնաժամի մեջ։ Տնտեսական այսպիսի իրավիճակում գտնվող երկրում, տնտեսագետի դիտարկմամբ, բյուջեի նախագծում գնահատված չեն խնդիրներն ու մարտահրավերները։
«ԱԺ քննարկման է ներկայացվել մի փաստաթուղթ, որը կապ չունի մեր երկրի առաջ ծառացած խնդիրների հետ։ Սա կեղծ օրակարգ է։ Իրականում բյուջեն կազմողներն առաջնորդվել են պոպուլիզմով։ Բյուջեն քննարկելու ժամանակ էլ հասկացվում է, որ իրենք չունեն պատասխանատվություն։ Ասում են՝ մի բան հաստատենք, հետո տեսնենք ինչ է լինում, հնարավոր է՝ փոփոխության ենթարկեն։ Հույսները դնում են մանիպուլյացիաների և պոպուլիզմի վրա։ Կարծում են՝ ժողովուրդը դա էլ կների, իսկ իրենք կանցնեն առաջ»,-նշեց նա։
Կորոնավիրուսը զգալի հարված է հասցրել տնտեսությանը։ Մինչև ռազմական դրությունն էլ, ըստ տնտեսագետի, անկում ապրող տնտեսություն ունեինք։ Իսկ պատերազմից հետո տնտեսությունը գտնվում է կոլապսի շեմին։ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ընթացիկ տարին տնտեսական պատմության մեջ մնալու է որպես «աննախադեպ» ժամանակաշրջան։
«Իշխանության ամբողջ խնդիրն այն է, որ հանրային ուշադրությունը սևեռեն կեղծ օրակարգի վրա։ Այդ բյուջեն ընդունվելու դեպքում էլ կյանքի չի կոչվելու, որովհետև որևէ աղերս չի ունենալու եկող տարվա իրականության հետ։ Անհնար է այդ ծրագրերով սոցիալական խնդիրները լուծել։ 2 տոկոսով ավելացնում են սոցիալական պաշտպանությանը հատկացվող գումարները, իսկ պարգևատրումների ֆոնդը՝ 22 տոկոսով։ Մենք խոսում են սոցիալական պաշտպանության ոլորտից, բայց բյուջեի ծրագրերը չունեն բավարար թիրախավորում և կոնկրետ ակնկալվող արդյունքներ։ Ասեմ ձեզ՝ «քոփի փեյսթ»-ի տրամաբանությամբ բյուջե են կազմել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որպես լիազոր մարմին զբաղվածության ի՞նչ նոր ծրագիր է բերել, որ առկա խնդիրները կլուծի։ Այդ նախարարության ներկայացրած ծրագրերում թիրախավորում չկա։ Բայց նշեմ, որ պոպուլիզմը և անպատասխանատու կառավարումն այլևս ոչ միայն անընդունելի են, այլև՝ կործանարար։ Այն վիճակը, որ հիմա կա, հետևանքն է այն բանի, որ իշխանություններն իրենց արածի պատասխանը չեն տալիս»,- նկատեց մեր զրուցակիցը։
Տնտեսագետի համոզմամբ՝ պետական բյուջեն պետք է լինի իրավիճակ թելադրող, բայց կառավարության ներկայացրած եկող տարվա ֆինանսական փաստաթուղթը ճիշտ հակառակն է։
«Որևէ ծրագիր «քոփի փեյսթ»-ով չպետք է անցնի 2021 թվականի բյուջե։ Խնդիրները պետք է լինեն գնահատված։ Եվ, եթե որևէ ծրագրի վրա պետական բյուջեից գումար է ծախսվում, պետք է ունենա ակնկալվող արդյունքի կոնկրետ ժամանակահատված։ Եթե զբաղվածության և սոցիալական ծրագրեր են, պետք է ունենան հստակ թիրախավորումներ։ Իսկ ծրագրերի իրականացման փուլում, երբ փողը ծախսված է և արդյունք չկա, տվյալ պատասխանատու պաշտոնյան պետք է սուսուփուս հեռանա։ Սա պետք է լինի սկզբունք»,- նկատեց նա։
Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ եկող տարվա բյուջեում առաջնային ուղղությունը պետք է լինեն կայուն զարգացման ծրագրերը։ Տնտեսությունը ճգնաժամից հանելու համար անհրաժեշտ է, որ պետությունն աջակցի հատկապես փոքր և միջին բիզնեսին։