Կառավարության նիստում ընդունվեց 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ: Ներդրումային ծրագիրը ներկայացրել է «Հայկ 88» ՍՊԸ-ն։
«Հայկ 88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ծրագրով նախատեսում է ապամոնտաժել ընկերության սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատնող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում կառուցվելիք այգին:
Ծրագրով նախատեսված ներդրումները կկազմեն 10 մլն դոլար: Այգու բարեկարգման և վերակառուցման համար կներդրվի մոտ 1 մլն դոլար, որն ուղղվելու է ամֆիթատրոնի կառուցմանը, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորությանը և այլ աշխատանքների իրականացմանը:
«Այդ տարածքն այժմ գտնվում է ոչ բարեկարգ վիճակում և ներդրումների կարիք ունի»,-ասաց Պապիկյանը: