«Հայաստան» համահայկական հիմնադրամի կառավարությանը որոշակի գումար փոխանցելն արդարացված մոտեցում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Հիմնադրամն ուղիղ այդպիսի գործիքակազմ չունի, այդ գումարն ուղիղ ծախսել այն նպատակով, ինչ նպատակով որ ծախսվել է: Կարծում եմ՝ սրանից ավելի փակագծեր պետք չէ բացել, որովհետև, եթե մենք ստիպենք, որ այդ հիմնադրամը գումարներով իքս սպառազինություններ գներ, դա անթույլատրելի է: Այսինքն՝ կա պետական բյուջե, որը կատարում է ծախսեր, որն այդ ամբողջ գործընթացը կազմակերպում է: Շատ նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և կառավարությունն է որոշում, թե այդ գումարն ինչպես ծախսի»,- պարզաբանեց պատգամավորը։
Թունյանի խոսքով՝ ամփոփվելու է հիմնադրամի հաշվետվությունը և պարզ կլինի՝ պատերազմի այս ընթացքում թե՛ գործադիրը, թե՛ ԱԺ-ն որքան պարգևավճարներ են ստացել։
Լրագրողները չշրջանցեցին նաև երկրում առկա սոցիալ- տնտեսական հարցերը, և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հարց ուղղվեց դրամի արժեզրկման հնարավոր հետաևանքների մասին։
Ի պատասխան Բաբկեն Թունյանը նշեց, որ դրամի արժեզրկման հիմքում ոչ թե տնտեսական գործոններն են, այլ՝ հասարակական տրամադրությունները։
«Մեզ մոտ փոխարժեքի վրա մի քանի գործոն է ազդում՝ տնտեսական առումով, ասենք, ներմուծում, արտահանում, դոլարի հոսքի նվազում, այլ երկրներից եկող դրամական փոխանցումներ: Դրանք էականորեն չեն փոխվել: Արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավվել է: Միակ խնդիրը հոգեբանական, մարդկանց սպասումների ու վարքագծի հետ կապված փոփոխություններն են», – եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մի մասն է ծախսվել, մյուս մասը փոխանցվել է Կառավարություն, որպեսզի աշխատանքը կազմակերպելու համար ռեսուրսները մեկ տեղում կենտրոնացված լինեն։