ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնաբանել է աշխատակիցներին վճարված պարգևատրումների վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում նախարարությունը փոխադրվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ ապահովելով գերատեսչությանը վերապահված գործառույթների շուրջօրյա՝ 7/24 ռեժիմով իրականացումը և հոկտեմբերին կատարված աշխատանքի համար նախարարության որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել:
Հոկտեմբերին, ինչպես նախկինում, աշխատակիցներին պարգևավճարներ են հատկացվել սեպտեմբերին կատարված աշխատանքների համար։
ֆինանսների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի 92.4%-ը տրամաբանորեն օգտագործվում է աշխատանքի վարձատրության նպատակով, որի 29%-ը հաշվարկային պարգևավճարների չափն է և հաշվարկային 522 հաստիքային միավորի համար, փաստորեն, նախատեսված միջին ամսական համախառն վարձատրության չափը կազմում է 368 հազ դրամ՝ ներառյալ միջին ամսական 82 հազ դրամ պարգևավճարները։
Հիշեցնենք, որ 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ պատերազմական դրության պայմաններում պարգևավճարների ֆոնդի փոփոխության կարիք ներկա պահին չկա։ Մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այլ կարծիքի էր։ Նա ասել էր, որ պարգճավճարների հարցով եկել է գոտիները ձգելու ժամանակը։