Հայաստանում բենզինը թանկացել է։ Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով:
Պաշտոնական թվերն էլ են վկայում, որ բենզինի գինը բարձրացել է։
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 % գնաճ։ Մինչդեռ, դիզելային վառելիքի գինը 3.6 %-ով նվազել է:
Նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 13.9% և 23.8%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.6 % և 25.2 %-ով։
Բենզալցակայանի աշխատակիցներից մեկն Armenia Today-ի հետ զրուցում նշեց, որ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, ինչն ազդել է ներմուծվող ապրանքների գների վրա:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս հանրապետությունում գնաճ է գրանցվել։
Ըստ ԱՎԿ-ի՝ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով:
Օրինակ, բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 20.5 տոկոս: Միրգը թանկացել է 1.9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում ևս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս: