Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում առկա առաջնահերթությունը` մեծացնել միջազգային առևտուրը, պատրաստ է շուկա ստեղծել Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Եթե այդ սահմանային շուկան ստեղծելու ցանկությունն ունենա նաև Հայաստանը, ապա մենք կկարողանանք այն ստեղծել ամենամոտ ապագայում»,- Հայաստանում Իրանի դեսպանի և մասնավոր սեկտորի հետ հանդիպման ժամանակ ասել է Արևելյան Ադրբեջանի ղեկավարը:
Նահանգի ղեկավարն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք` ձգտելով խաղաղության և հանգստության:
Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին արցախյան պատերազմի ժամանակ այցեր իրականացրեց Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան և Թուրքիա։ Թեհրանի բանագնացը ներկայացնում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը բնորոշում էր այսպես՝ «իրատեսություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով»։