ՊԵԿ-ը հարկ վճարողներին զգուշացնում է՝ 2021թ. մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունները։
Արտակարգ դրության ժամանակ դադարեցված գանձման աշխատանքները կոմիտեն կվերսկսի մարտի 20-ից։ Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշենք, որ պետական եկամուտների կոմիտեն, համավարակի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս 2020թ․ ապրիլին հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին, արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո անորոշ ժամկետով չի իրականացնելու մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման իր հայեցողական լիազորությունը, քանի որ այդ շրջանում արգելվել էր մի շարք տնտեսական գործունեության տեսակների իրականացումը: Տեղեկացվել էր նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման վերաբերյալ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։
2020թ. սեպտեմբերի 11-ից ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ Արտակարգ դրության ընթացքում մաս-մաս, իսկ դրա ավարտից հետո՝ ամբողջությամբ, վերացել են տնտեսական գործունեությունների իրականացման սահմանափակումները։ «Չնայած դրան՝ Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով խոստմանը, 2020թ․ ապրիլի 27-ից ի վեր չի ձեռնարկել 1,5 միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների հարկադիր գանձման միջոցներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ներկայումս առկա են տարբեր ժամանակաշրջաններում առաջացած՝ 1,5 միլիոն դրամը չգերազանցող շուրջ 44․000 պարտավորություններ։ Դրանք վերաբերվում են շուրջ 27․400 հարկ վճարողների, այդ պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4,9 մլրդ դրամ։
Նկատի ունենալով, որ բազմաթիվ հարկ վճարողներ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կամովին չեն կատարում իրենց պարտավորությունները և հաշվի առնելով հարկային պարտավորությունների հավաքագրման կարևորագույն հանրային նշանակությունը, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները: Մասնավորապես՝ չվճարված պարտավորությունների առկայության դեպքում, եթե այդ պարտավորությունների չափը կգերազանցի 200 հազար դրամը կամ այն չգերազանցելու դեպքում դրանց առաջացման օրվանից հետո անցած կլինի երկու ամսից ավելի, ՊԵԿ-ի կողմից կհարուցվեն չվճարված պարտավորությունների գանձման վարչական վարույթներ:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: