ԱԺ լիագումար նիստին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է «Մեծամոր» ԱԷԿ-ի միջուկային թափոնների հետագա հարստացման հարցին։
Նա նշել է, որ 1.5 տարի առաջ իր գլխավորությամբ ԱԺ տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը հատուկ նիստ է անցկացրել, որին մասնակցել են ՀԱԷԿ-ի տնօրենը և մի շարք մասնագետներ:
Մելքումյանն ասել է, որ այդ ժամանակ քննարվել են անվտանգության նկատառումներով միջուկային թափոնների հետագա օգտագործման հարցեր։
«Հեշտ չի, բայց միգուցե Հայաստանը ինչ-որ փուլում այլընտրանքներ կարող է շատ քիչ ունենալ, դա կարող է նաև իր անվտանգությանը ծառայեցնել, որը բարդ գործընթաց է»,- նշել է նա՝ հավելելով, որ պետք է ջանքեր գործադրվեն նաև ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում որոշակի ընթացակարգերի տեսքով։
Մելքումյանն անդրադարձել է խնդիրներին, որոնք հանգեցրել են փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշմանը։
«Ատոմակայանը պետք է 141 օր կանգնի, Արցախն իր էներգետիկ կարողություններից՝ 190 մեգավատտից 100-ը կորցրել է։ Փաստորեն, այդ կորուստը, որպես բեռ, լինելու է նաև Հայաստանի վրա»,- նշել է Մելքումյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանը կանգնած է լինելու այդ միջուկային թափոնների հետագա օգտագործման խնդրի առաջ։
Ըստ պատգամավորի՝ ՌԴ-ն հաճույքով ցանկություն կունենա այդ վառելիքը տանել Հայաստանից։
Նշենք, որ ՀԾԿՀ-ն՝ հաշվի առնելով կորուստները, նախորդ ամիս առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագինը 400 կՎտ ժամից ավելի սպառողների համար թանկացնել 3 դրամի չափով։