Հայաստանում այս տարվա բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ, «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Հաջորդ տարվա բյուջեի քննարկումները դեռ չեն սկսվել: Կառավարության ընդհանուր առաջնահերթությունների մեջ է», – նշել է նախարարը:
Նա նաև հայտարարել է սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստների տրամադրման համակարգի ամբողջական վերանայման անհրաժեշտության մասին:
«Մենք չենք ուզում, որ աշխատելու հնարավորություն ունեցող քաղաքացիները փոխարենը ընտրեն նպաստ ստանալու իրավունքը։ Մեր ծրագրերի փոփոխության հիմքում դրվելու է աշխատանքի խրախուսումը», – ասել է նա՝ նշելով, որ ներդրվելու են նաև գործատուների խրախուսման համապատասխան մեխանիզմներ։ Առաքելյանն ասել է նաև, որ բազմազավակ ընտանիքներին տրամադրվող նպաստներն ավելի շատ ուղղվելու են երեխաներին օգնելու համար:
Բացի այդ, նախարարը ներկայացրել է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու ծրագրերի իրականացման ընթացքը։ Նրա փոխանցմամբ՝ աջակցության ծրագրերի շրջանակներում այսօր իրականացվել են ավելի քան 15 մլրդ դրամի վճարումներ։ Ներկայումս գործում է 15 ծրագիր, նախատեսվում է նոր միջոցառումների իրականացում:
«Քանի դեռ պատերազմի հետևանքները, համենայնդեպս, սոցիալական տեսանկյունից հաղթահարված չեն, սոցիալական աջակցությունը շարունակվելու է», – նշել է Մեսրոպ Առաքելյանը: