ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:
Օրենքի նախագծի համահեղինակներից «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց այն և մատնանշեց, որ ցանկանում են ավելի բարելավել գործող օրենքն ու չեզոքացնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Ըստ իշխանական պատգամավորի՝ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել գործընթացի կառավարման, կատարման ընթացքում, որի համար պետք է մեծացնել թափանցիկությունը և գործընթացի հանդեպ հանրային վստահությունը:
«Գնումների գործընթացին մասնակցող, բայց պարտվող սուբյեկտների մոտ կարող են առաջանալ կասկածներ: Գնման գործընթացի ավարտից հետո չկա երաշխիք, որ մրցույթը հաղթած սուբյեկտը պատվիրատուին ապրանքը կմատուցի այն պայմաններով, որոնցով հաղթել են։ Առաջարկում ենք, որ ընդունման-հանձնման գործընթացին մասնակից դառնան նաև այն պարտվող մասնակիցը կամ մասնակիցները, որոնք, օրինակ, ավելի բարձր գին սահմանելու պատճառով չեն հաղթել»,- շեշտեց նա։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ օրենքի նախագծով նպատակ ունեն հանրային վերահսկողության նոր մեխանիզմ ներդնել՝ մեծացնելով թափանցիկությունը պետական գնումների հանդեպ։
«Հնարավորություն ենք տալիս փարատել բոլոր կասկածները, որոնք կարող են լինել գնումների հանդեպ՝ ամենաշահագրգիռ ու մասնագիտացված մարմինների միջոցով: Դրանք են՝ մրցակիցները, հասարակական կազմակերպութունները և ոլորտով հետաքրքրված, մասնագիտացված լրատվական միջոցները»,- եզրափակեց պատգամավորը։