Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել ոսկերչական իրերի փորձարկման, վերլուծության ու դրոշմավորման պահանջներին և հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղափոխվող ոսկերչական իրերի արտադրության մեջ սահմանված խախտումների ցանկը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՏՄ-ի կայքից։
«Ընդունված փաստաթղթերը թույլ կտան բարենպաստ պայմաններ ստեղծել ոսկերչական արտադրանքի առևտրի ոլորտում, ինչը բիզնեսի համար կարևոր բաղադրիչ է, իսկ սպառողների համար արտադրանքի ձեռք բերումն ավելի անվտանգ կդառնա , – ասել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և ՏՀՏ հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը: «Դա քայլ է՝ այս ոլորտում համաշխարհային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ»:
Փաստաթղթի ընդունմամբ անդամ պետությունների լիազոր մարմինները միմյանց հետ կփոխանակեն տեղեկություններ՝ անդրսահմանային առևտրի ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ, որից հետո անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն՝ դրանք վերացնելու և ազգային օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ։