Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Հուշագիրը ստորագրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Համատեղ ջանքերով կիրականացվի ուսումնասիրություն և դրա հիման վրա կներկայացվեն առաջարկություններ մասնավոր հատվածում բարեվարքության ապահովման և հակակոռուպցիոն համապատասխանության գնահատման համակարգերի ներդրման վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում կներդրվեն հակակոռուպցիոն ոլորտի կրթական և իրազեկման ծրագրեր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի շուրջ 100 հանրային ծառայողի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստում։
Հուշագրի շրջանակներում կիրականացնեն իրավական կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերին նվիրված ծրագրեր՝ առնվազն երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետներում: