«Համարվում է, որ նավթի գների վրա ազդում է երեք գործոն՝ պահանջարկը, առաջարկը և աշխարհաքաղաքականությունը։ Տվյալ դեպքում մենք երեք գործոնն էլ ունենք»։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը։ Նշվում է, որ Brent ապրանքանիշի հում նավթի մեկ բարելն արժե 31,38 դոլար, ինչի հիմքում այն է, որ ՕՊԵԿ+-ի մասնակիցները չկարողացան երկարաձգել վառելանյութի արտահանումը կրճատելու մասին համաձայնագիրը:
Զերծ մնալով աշխարհաքաղաքական գործընթացների մեջ մտնեուց, Միքայելյանը նշեց, որ պահանջարկը նվազում է՝ կապված կորոնավիրուսի կանխարգելման գործողությունների հետ, իսկ առաջարկն աճում է, որովհետև Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի արդյունահանման ծավալները։
«Այս պահին ավելի ճիշտ է խոսել տատանման մասին, այլ ոչ թե անկման։ Ճիշտ է՝ նավթի գները նվազել են, բայց սա դեռ տատանում է, մենք պետք է տեսնենք երկարաժամկետ կամ միջնաժամկետ կտրվածքով ինչպես կփոփոխվեն գները, այդ ժամանակ կխոսենք անկման ու դրա չափերի մասին»,- նշեց քաղաքագետը։
ՕՊԵԿ+ մասնակիցների՝ վառելանյութի արդյունահանումը կրճատելու մասին համաձայնագիրը երկարաձգել չկարողանալու փաստը, «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատողը պայմանավորում է երկրների տարբեր շահեր հետապնդելու հետ։
«ՕՊԵԿ+ երկրները իրենց շահերը տարբեր կերպ են պատկերացնում՝ մեկը մտածում է, որ գները պետք է պահեն, մյուսը՝ ծավալները․ սա է երևի թե պատճառը կամ գուցե կան պատճառներ, որոնց մասին մենք երևի թե չգիտենք։ Համենայն դեպս, բացահայտ պատճառները, որը մենք գիտենք կամ որոնց մասին պաշտոնապես հայտարություն է եղել, վերաբերում է անհամաձայնությանը, այն պատճառով, որ նրանք տարբեր կերպ են տեսնում շուկայի զարգացումը»,- նշեց նա։
Քաղաքագետը նկատեց, որ տարածաշրջանի վրա գործընթացը կարող է ազդեցություն ունենալ, բայց քանի որ այն սկզբնական փուլում է, և մեկնաբանությունները հստակ չեն, իսկ խոսակցությունը կարող է սպեկուլյատիվ լինել՝ զերծ մնաց պատասխաններ տալուց։