Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով բազմաթիվ երկրների միջև ուղևորահոսքի դադարեցումն ու ավիափոխադրողների կողմից չվերթների չեղարկումը շատ վատ ազդեցություն է ունենում և՛ ավիափոխադրողների, և՛ քաղավիացիայի կոմիտեների, և՛ երկրների տնտեսությունների վրա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը։
«Համաշխարհային տնտեսության մեջ ուղևորահոսքի նվազեցումը բացասական ազդեցություն է ունենալու բոլոր առումներով և դա կարճ ժամանակահատվածում կդրսևորվի»,- ասաց Ադբաշյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ վնասներ կկրի Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն բազմաթիվ ավիափոխադրողների կողմից չվերթների դադարեցման հետևանքով և արդյոք նախկինում նման իրավիճակ էլի ստեղծվե՞լ է՝ Ադբաշյանը նշեց, որ նախկինում նման իրավիճակ չի գրանցվել․ նման իրավիճակի առջև ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն չի կանգնել նաև 2009 թ․ H1N1 վիրուսի բռնկման ժամանակ՝ հավելելով, որ այդ ժամանակ իրավիճակն այդքան էլ սուր չէր։
«Պետք է աշխատակիցներին ուղարկել արձակուրդ, ինչպես անում են մյուսները, մինչև իրավիճակը կարգավորվի»,- ասաց Ադբաշյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ միջոցներ կարող է ձեռնարկել ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ստեղծված իրավիճակի պայմաններում նվազագույն կորուստներով դուրս գալու համար։
«Հայաստանում օդանավակայանները գործում են գլխավորապես երկու քաղաքներում, ազգային ավիափոխադրողներ գրեթե չունենք։ Ավելի խոշոր ավիափոխադրողները մեծ վնասներ կկրեն և ժամանակ պետք կգա վնասներից վերականգնվելու համար։ Չեմ կարծում, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն լուրջ վնասներ կկրի»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը։
Վերջերս Հայաստան մուտք գործած բյուջետային ավիափոխադրողներից Ryanair-ը վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է բոլոր չվերթները։ Հարցին՝ արդյոք Հայաստան մուտք գործած բյուջետային նոր ավիափոխադրողները կկարողանա՞ն կարճ ժամկետներում վերականգնել կրած վնասներն ու ապահովել անհրաժեշտ ուղևորահոսքը՝ Դմիտրի Ադբաշյանը նշեց․ ամենայն հավանականությամբ ավիափոխադրողները կկարողանան մինիմալ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից և 1-2 ամսվա ընթացքում կվերականգնեն կորցրած վնասները։
Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հայտարարությանը, որ այսպիսի հոսքի նվազում երբևէ չի եղել և կրած վնասները, ըստ ավիացիայի ոլորտի մասնագետների, հավասար են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կրած վնասներին՝ Ադբաշյանը նշեց․
«Գիտեք ինչպիսի իրավիճակ է ստեղծվել կորոնավիրուսի տարածման հետևանքով ողջ Եվրոպայում։ Կորոնավիրուսի տարածման պատճառով ավիափոխադրողները դադարեցնում են չվերթները և դա էլ ֆինանսական բարդ վիճակ է ստեղծում, զգալի կորուստներ են կրում նաև ավիացիայի աշխատակիցները։ Այդուհանդերձ, երկրներ կան, որ օգնում են ընկերություններին, օրինակ՝ օդանավակայանների վճարներից են ազատում»,- եզրափակեց Դմիտրի Ադբաշյանը։
Վարդուհի Մկրտչյան