Ռուբլու արժեզրկումը բոլոր առումներով կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ մեկնաբանելով ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է։
«Անկասկած ռուբլու արժեզրկումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա՝ բոլոր առումներով, և այն դժվարություններ է ստեղծում մեր արտահանողների համար, հատկապես ալկոհոլային խմիչքների, տեքստիլի, ավիափոխադրումների, զբոսաշրջային հոսքերի համար»,- նկատեց նա։
Տնտեսագետը ռուսական ռուբլու արժեզրկումը բնական է համարում՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Ըստ նրա՝
- Ռուսաստանի բյուջեի եկամուտների մինչև 60 տոկոսը նավթն է, իսկ նավթի գները կատաստրոֆիկ ընկել են։ Brent նավթի մեկ բարելի գինը 25-27 դոլարի սահմաններում է, ինչը հսկայական կորուստ է ՌԴ-ի համար։ Որպեսզի էական բյուջետային եկամուտների կորուստ թույլ չտա, որպես պաշտպանական ռեակցիա, ՌԴ կենտրոնական բանկը թուլացնում է ռուբլին,
- այսպիսի ճգնաժամային իրավիճակներում մեծանում է զարգացող շուկաներում ամերիկյան դոլարի նկատմամբ պահանջարկը,
- երրորդ պատճառը՝ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի քաղաքականությունն է։
Մարգարյանն ընդգծեց, որ այս բոլոր գործոննները համադրվել են, պահանջարկը և տնտեսական ակտիվությունը նվազել են, ռիսկեր կան ռուսական տնտեսության համար՝ բազային մյուս ռեսուրսներն են էժանացել՝ պղինձ, մոլիբդեն, փայտանյութ և, որքան էլ տարօրինակ է, վերջին տասնօրյակում ոսկու գինն է էապես նվազել։
Ինչ վերաբերում է մեր դրամի արժեզրկմանը, տնտեսագետը նշեց, որ այն որոշ չափով թուլացել է, ինչը բնական է տվյալ իրավիճակում և որոշ չափով աջակցություն մեր արտահանողներին։
«Դրամի արժեզրկումը գոնե առաջիկա ժամանակահատվածում շատ մեծ չի կարող լինել, որովհետև Կենտրոնական բանկի արտաքին պահուստները բավականին բարձր մակարդակի վրա են և բնականաբար թույլ կտան զսպել սպեկուլյատիվ միտումները»,- նշեց Ատոմ Մարգարյանը՝ ընդգծելով, որ վերջին 5-7 դրամով արժեզրկման մեջ սպեկուլյատիվ միտումներ չի տեսնում։
Տնտեսագետը վստահեցրեց, որ իրավիճակը պետք է վերահսկողության տակ պահել և թույլ չտալ փոխարժեքի էական անկում, որպեսզի խնդիր չդառնա գնաճի տեսանկյունից։
«Այս բոլոր գործոնները փոխկապակցված են և պահանջում են համակարգված և օպերատիվ լուծումներ, վերահսկողություն շուկայի վրա»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է քայլերին, որոնք պետք է ձեռնարկվեն ստեղծված իրավիճակից նվազագույն տնտեսական կորուստներով դուրս գալու համար, տնտեսագետը նշեց, որ այդպիսի քայլեր արվում են՝ դա բիզնեսի աջակցության ծրագրերն են, հարկային հնարավոր արձակուրդները, սուբսիդավորման որոշակի տարրերի կիրառումը, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, քանի որ այժմ գյուղատնտեսության ակտիվ սեզոնն է։
Ըստ նրա՝ անհրաժեշտություն կա բանկային ոլորտի որոշակի աջակցության, բայց այստեղ պետության խնդիրը չէ միայն, խոշոր բիզնեսի, բնական մենաշնորհային ոլորտների, նաև կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության խնդիրն է, որ բոլորը այս թրենդի մեջ լինեն։
«Ի վերջո՝ ճգնաժամի այս հարվածները ոչ մեկի չեն խնայում, և ընդհանրապես, համաճարակային իրավիճակը համակարգային ռիսկեր է ստեղծել, կորուստները համակարգային են, դրանք պետության տնտեսության ամբողջ կառուցվածքին են ուղղված և պետք է ամեն ինչ անել, որ կորուստները լինեն մինիմալ»,- նկատեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ այն տնտեսական աճի ու տնտեսության ակտիվության գործոնները, որոնք անցած տարի պայմանավորել են բարձր տնտեսական աճը, այս տարի թերևս շատ չնչին դեր կարող են խաղալ։ Ատոմ Մարգարյանը, որպես օրինակ, ընդգծեց խաղաբիզնեսը, որը բավական լուրջ ռիսկերի և ճնշումների տակ է՝ առկա սահմանափակումների պատճառով։ Ըստ նրա՝ մարդիկ այդ ոլորտում ներդրումներ անելուց ձեռնպահ են մնում։
Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության անկումը վերաբերում է նաև բազային ճյուղին՝ հանքարդյունաբերությանը, որտեղ գներն էապես նվազել են միջազգային բորսաներում։
Ամփոփելով՝ Մարգարյանը վաղ համարեց անդրադառնալ տնտեսության վնասներին, կորուստներին ինչ-որ գնահատականներ տալ, բայց համոզմունք հայտնեց, որ իրավիճակը պետք է օպերատիվ վերահսկվի և համակարգվի։
Նարե Հարությունյան