Այսօր՝ մարտի 25-ին, Վրաստանի Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, այդ երկրի պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իրականացրել է շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիների (1 միկրոավտոբուս, 4 ավտոմեքենա) տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք։ Այս մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքյան էջում հայտարարության մեջ։
Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից, վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, հայրենիք տեղափոխելու համար։
Հիշեցնենք՝ դեսպանությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։
Դեսպանությունը նախ հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ իրականացրել է Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման աշխատանքներ։