Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ կորոնավիրուսային համաճարակը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա։ 2020 թվականին տնտեսական աճը կկազմի 0.7%, որը զգալիորեն ցածր է նախկին կանխատեսումներից, սակայն հիմնականում կվերականգնվի 2021 թվականին՝ կազմելով 7.2%: Այս մասին ասված է Կենտրոնական բանկի հրապարակած «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում։
Կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով ձեռնարկված խիստ միջոցառումները բացասաբար կանդրադառնան ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության վրա.դա հիմնականում վերաբերում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակին, որից հետո երկրի տնտեսությունն աստիճանաբար կվերադառնա զարգացման նորմալ գործընթացին և կվերականգնի իր պոտենցիալ մակարդակը, նշում է ԿԲ-ն:
Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ բացասական ազդեցությունը կազդի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա, և առաջին հերթին այնպիսի խոցելի ոլորտների վրա, ինչպիսիք են զբոսաշրջությունը և տուրիզմի ոլորտը, ինչպես նաև դրանց հետ սերտորեն կապված ոլորտների: Վերը նշվածի համատեքստում ԿԲ-ն կանխատեսում է, որ ՀՆԱ ճեղքվածքը կպահպանվի բացասական տիրույթում, ինչը կմեղմվի խթանող դրամավարկային քաղաքականության և բյուջեի ակնկալվող խթանող ազդեցության արդյունքում: Կանխատեսվող հորիզոնում, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսական աճը կզուգամիտվի իր միջնաժամկետ հավասարակշիռ մակարդակին։
2020 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը բարձր կգտնվի նախորդ կանխատեսման համեմատ՝ պայմանավորված առևտրային բացասական հաշվեկշռի և տրանսֆերտների վերանայումներով։ Նախորդ կանխատեսման համեմատ գնահատվում է ավելի մեծ՝ 4.1 տոկոսային կետ ընդլայնող ազդեցություն (ենթադրվում է պետական ծախսերի 3.5% խնայողություն՝ մասնավորապես արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասով և հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2019 թ. մակարդակի պահպանում):
Ըստ ընթացիկ կանխատեսման, կարճաժամկետ հատվածում գնաճը ցածր կլինի նախորդ կանխատեսումից՝ պայմանավորված մի շարք ապրանքների մաքսային դրույքաչափերի՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխությունների հետաձգմամբ, ինչպես նաև տարեսկզբից «Ձու», «Միս» և «Վառելիք» ապրանքախմբերում գների նվազմամբ:
«Ակնկալվում է, որ «Ձու» և «Միս» ապրանքախմբերում տեղի ունեցած գնանկումը կկրի ժամանակավոր բնույթ, և հաջորդ եռամսյակում գնաճը կվերականգնվի առաջանցիկ տեմպով, ինչի արդյունքում համահունչ կլինի նախորդ կանխատեսմանը: Մյուս կողմից՝ հարկ է ևս մեկ անգամ նշել, որ, համաճարակային իրավի-ճակով պայմանավորված, ընթացիկ կանխատեսումների շուրջ անորոշությունները կտրուկ ավելացել են նախորդ եռամսյակի համեմատ», – ասված է ԿԲ-ի հրապարակած փաստաթղթում:
2020 թ․կանխատեսումներում էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ պայմանավորված համաշխարհային պահանջարկի նվազման նոր կանխատեսմամբ, ինչպես նաև ներքին տնտեսության սպասվող զարգացումներով։
Այսպես՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների մասով կանխատեսվում է նվազում՝ 5.0-7.0% միջակայքում։ Վերջինս, համաշխարհային պահանջարկի դանդաղման հետ մեկտեղ, կպայմանավորվի գործընկեր երկրների կողմից կիրառվող կանխարգելման միջոցառումներով։ Նշանակալիորեն կկրճատվեն միջազգային զբոսաշրջության ծավալները։
Ներքին թույլ պահանջարկի պայմաններում ապրանքների և ծա-ռայությունների ներմուծման իրական ծավալները նույնպես կկրճատվեն՝ ձևավորվելով 9.0-11.0% միջակայքում։
Կանխատեսվում է, որ բավականին կնվազեն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ և ռուբլու զգալի արժեզրկմամբ։ Միաժամանակ, դրամական փոխանցումների նվազման վրա էական ազդեցություն կունենան Ռուսաստանի կողմից միգրացիոն մուտքերի ժամանակավոր սահմանափակումները։ Մասնավոր փոխանցումների նվազումը կլինի 16.0-19.0% միջակայքում։
Համեմատության համար նշենք, որ 2019-ին Ռուսաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները ընդհանուր տրանսֆերտների պորտֆելում կրճատվել էր 59 տոկոսից դառնալով 45 տոկոս:
Նշված կանխատեսումների պարագայում 2020 թ․ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կլինի 7.0-9.0% միջակայքում:
Միջնաժամկետ հատվածում, տնտեսության հավասարակշռության գալու հետ միասին, ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշն աստիճանաբար կմոտենա հավասարակշիռ 3.0-5․0% մակարդակին։