ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի:
«13 մլն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման համար, այս գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 65 կմ ճանապարհների վերանորոգում: Համաձայնագրի վավերացումից հետո կհայտարարվեն մրցույթները, և հնարավոր կլինի այս տարի իրականացնել ճանապարհի հիմնական հատվածի վերանորոգումը»,- նշել է Պապիկյանը:
Պապիկյանը նաև նշել է, որ աշխատանքները կավարտվեն կամ այս տարի, կամ հաջորդ տարվա սկզբին:
«Այս ծրագրի շրջանակներում վարկի առաջին տրանշը 170 միլիոն եվրո է կազմել: Այս ծրագրի շրջանակներում 211 կմ ճանապարհ է վերանորոգվել: Այս աշխատանքները, ինչպես և նախատեսվում էր ծրագրով, իրականացվել են հանրապետության տարբեր համայնքներում, ինչը դրանց համար կենսական նշանակություն ուներ»,- ասաց նախարարը` հավելելով, որ 211 կմ-ից 40-ը վերանորոգվել է աշխատանքների ընթացքում խնայված միջոցների հաշվին:
Որոշ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս վարկային համաձայնագրին: