Այս օրերին ստեղծված իրավիճակը բժշկական սարքաշինության արտադրության և զարգացման ուղղությամբ Հայաստանի ինժեներական համայքի համար լավ հնարավորություն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե արդյո՞ք նախատեսում են թոքերի արհեստական շնչառության սարքերի վերականգնման և արտադրության աշխատանքները շարունակել նաև կարանտինի ու արտակարգ դրության ավարտից հետո։
Նախարարը հույս հայտնեց, որ այսօր իրականացվող արագ և հապշտապ քայլերը բերեն համակարգային փոփոխության, և այս ուղղությունը կզարգանա։
Հարցին, թե ի՞նչ զարգացումներ ակնկալել այս ուղղությամբ՝ Արշակյանը նշեց, որ դա շուկայական շատ լավ հնարավորություններ կարող է ստեղծել։
«Մեր գնահատականներով՝ աշխարհում բավականին լուրջ խաղացողներ կան, կա նաև իրացման բավականին լուրջ շուկա։ Դա արդյունաբերության սպեցիֆիկ ուղղություն է թե՛ կլինիկական փորձարկումների, թե՛ սարքերի առանձին սերտիֆիկացման տեսանկյունից»,- ասաց Հակոբ Արշակյանը։