«Մեր քաղաքական ուժը գործելու է ընդդիմադիր դաշտում, գործող իշխանություններին լինելու ենք հստակ ընդդիմություն եւ փորձելու ենք, մեր ծրագրերը ներկայացնելով, գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից»,-այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, շեշտադրում է կատարվելու ավանդական արժեքների ու ավանդույթների պահպանման վրա։ «Բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն»,-նշել է Վանեցյանը։
Վանեցյանը նշել է նաև, որ իրենք իշխանության փոփոխությունը պատկերացնում են միայն սահմանադրական ճանապարհով. «Ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, եւ 3-րդ տարբերակը՝ գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն, եւ ընտրվում է նոր վարչապետ»։