Սննդի անվտանգության տեսչական մարմինը այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել է 100-ից ավելի հանրային սննդի ոլորտում գործող տնտեսավարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը, կրկնակի խախտումների հայտնաբերման հիմքով դադարեցվել է 48 ժամով:
Տեսչական մարմնից հայտնում են, այսօր 24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում՝ Կառավարության N1 և Կառավարության N3 շենքերում, գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը:
Ըստ հաղորդման՝ նրանք խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ՝ անձնակազմի պարտադիր դիմակ կրելու բոլոր հաճախորդներին ջերմաչափելու, ախտահանման և ջերմաչափման վերաբերյալ գրանցամատյաններ ունենալու, սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը ապահովելու, բոլոր մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ ունենալու և, շատ դեպքերում, նարգիլե չօգտագործելու, պահանջները:
Եվս մեկ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը դադարեցվել է 72 ժամով, քանի որ այդ տնտեսավարողը, խախտելով 24 ժամով կասեցման պարետի որոշումը, շարունակել էր աշխատել: