Օրերս իրանցի ուսանողների փոքրաթիվ մի խումբ բողոքի ակցիա է կազմակերպել Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցները Հայաստանի իշխանություններին կոչ են արել վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը: Իսրայելում հայկական դեսպանատուն բացելու որոշման նպատակահարմարության, իրանական կողմից առաջ եկող խնդիրների մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Պարոն Սարգսյան, Իսրայելում նախատեսվող հայկական դեսպանատան բացումը ի՞նչ հավանական խնդիրներ կառաջացնի՝ իրանական ուղղությամբ։
Ակնհայտ է, որ Իրանին այս որոշումը դուր չի գալու, բայց եթե մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներն աշխատել են իրանական կողմի հետ, ներկայացրել են Իսրայելում դեսպանատուն բացելու մեր հիմնավորումները, իսկ հիմնավորումները կարծում եմ բավականաչափ ծանրակշիռ են՝ իրանական կողմը վերապահումներ չի ունենա։ Այնպես չի, որ Իրանը կողջունի այդ որոշումը, բայց ամեն ինչ նորմալ կընթանա։ Բազմիցս նշել եմ, որ Իսրայելի հետ մեր հարաբերությունները չպետք է պայմանավորել այլ երկրների հետ ունեցած հարաբերություններով, բայց մշտապես նշել եմ՝ պետք է հաշվի առնել մեր ռազմավարական հարևան Իրանի դիրքորոշումը և ակտիվ աշխատել իրանական գործընկերների հետ՝ ներկայացնելու ինչու է անհրաժեշտ դեսպանություն բացել Իսրայելում և ինչ խնդիրներ ենք դրանով լուծելու։
Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի հիմնական ռազմական մատակարարներից մեկը, Ադրբեջանն իր հերթին հանդիսանում է Իսրայելի առանցքային՝ նավթ մատակարարող գործընկեր֊երկիր։ Որքանո՞վ է այս քայլը այսօր նպատակահարմար, ի՞նչ իմաստ կա Իսրայելում հիմա ՀՀ դեսպանատուն բացել, ինչպիսի՞ հայկական դիվանագիտական հաշվարկներ են արվել։
Կարծում եմ՝ վերը նշված խնդիրներին հակակշռելու համար էլ բացվում է դեսպանությունն Իսրայելում։ Որովհետև Իսրայելն ապահովում է լայնածավալ զենքի մատակարարում Ադրբեջանին՝ մինչև 5 միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Այնտեղ մենք շատ կարևոր եկեղեցապատկան գույք ունենք, որը պետք է պաշտպանենք, համայնք ունենք, պատճառները բազմաթիվ են։ Մենք մեզ համար անհրաժեշտ դիվիդենտ կհավաքենք դեսպանության բացմամբ, եթե ակտիվ աշխատենք Իսրայելի հետ այն ուղղություններով, որը նշեցի։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից էլ սա մեզ իսրայելական ուղղությամբ որոշակի ներգրավվածություն կտա, ինչպես նաև Իսրայելի հետ հարաբերությունները կարելի է դիտարկել Վաշինգտոնի հետ հարաբերությունների կոնտեքստում, ինչը կարևոր աշխարհաքաղաքական իրողություն է, որը ևս չի կարելի հաշվի չառնել։
Որքանո՞վ սա կհանգեցնի Իսրայելի ազդեցության աճին՝ Իրանի սահմանների մոտ և առհասարակ մեր տարածաշրջանում, տանելի կլինի այս հանգամանքը տարածաշրջանային երկրների և մասնավորապես Իրանի համար։
Կարծում եմ բացարձակ չի ազդի։ Ռեզիդենտ դեսպան դեռ մենք ենք բացում, որքանով տեղյակ եմ Իսրայելը դեռևս չի պլանավորում ռեզիդենտ դեսպան բացել Երևանում։ Չեմ կարծում, որ Իսրայելի դերն ու նշանակությունը Իրանի հարևանությամբ կուժեղանա։ Վստահ եմ՝ Հայաստանը երբևէ չի կարող ներգրավվածություն ունենալ նախագծում, որն ուղղված է Իրանի դեմ։ Ազդեցության մեծացման խնդիր չեմ կարծում կա․ Ադրբեջանն էլ չունի դեսպանություն Իսրայելում՝ սա ևս պետք է հաշվի առնել։ Այնպես չի Իսրայելն ամբողջական ներգրավվածություն ունի մեր տարածաշրջանում կամ մեկ դեսպանություն ունենալով կարող է այստեղ ազդեցություն ձեռք բերել։
Նարե Հարությունյան