Հունիսի 10-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարությամբ արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև նոր մայրուղու կառուցման որոշումը «խախտում է միջազգային իրավունքը», իսկ դրա նախագիծը «չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։
Եվրխարհրդարանականների հայտարարության պրոադրբեջանական բնույթի, դրա պատճառների ու հետևանքների, ՀՀ համապատասխան արձագանքի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։
-Պարոն Մինասյան, օրերս լայնորեն քննարկվում է Եվրախորհրդարանականների կողմից տարածած ակնհայտ պրոադրբեջանական բնույթի հայտարարությունը։ Ի՞նչպես կգնահատեք՝ ի՞նչն էր նման հակահայկական ձևակերպումներով հայտարարության պատճառը։
Ընդգծեմ, որ սա, ըստ էության, երեք գործիչների հայտարարություն է՝ ոչ թե բանաձև է, զեկույց, այլ հայտարարություն, հետևաբար պետք է ռացիոնալ գնահատել տվյալ հայտարարության արժեքը։ Բնականաբար չպետք այն գերագնահատել, որովհետև նույն Ադրբեջանը փորձում է այն բավական վառ գույներով ներկայացնել և մեծացնել դրա արժեքը, ինչն այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Միևնույն ժամանակ պետք չէ թերագնահատել նման հայտարարությունը, որովհետև կան բազմաթիվ հակահայկական բնույթի ձևակերպումներ, որոնք չենք բխում հայկական կողմի շահերից։ Սրանից հետևում է, որ պետք է եվրոպական ուղղությամբ առավել ակտիվ, հետևողական, նախաձեռնողական քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով, որ եվրախորհրդարանականների կողմից է ընդունվել, ուստի զգալի անելիքներ ունենք այս ուղղությամբ հենց խորհրդարանական դիվանագիտությունում։
Ինչու է ընդունվել՝ պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ Ադրբեջանի լոբբիստական քաղաքականությունը որոշակի դերակատարություն կարող է ունեցած լինել։ Պետք է հաշվի առնել, որ մի քանի տարի առաջ Վարդենիսից դեպի Արցախ ճանապարհ էր կառուցվել, և հայկական կողմին հաջողվել էր զսպել եվրոպական կողմից հնարավոր արձագանքները։ Եվս մեկ ճանապարհի կառուցման դեպքում եվրոպական կողմի արձագանքը զսպել շատ ավելի բարդ կարող էր լինել, որովհետև ադրբեջանական կողմը շարունակական աշխատանքներ է տանում այս ուղղությամբ և նման նախաձեռնությունները ներկայացնում որպես ոչ կառուցողական։ Բավական կարևոր է, որ հայկական կողմը նման նախաձեռնությունները կյանքի կոչելիս դրանք ներկայացնի պատշաճ փաթեթավորմամբ և նույն ճանապարհը կարևոր է ներկայացնել որպես արցախահայության իրավունքների իրացմանն ուղղված ևս մեկ քայլ, քանի որ հայկական կողմը պարբերաբար հանդես է գալիս այն մոտեցմամբ ու դիրքորոշմամբ, որ մարդու իրավունքների տեսանկյունից գորշ գոտիները վերանան։ Թեև Արցախը չունի միջազգային ճանաչում, սակայն արցախցիների իրավունքները պետք է հնարավորինս կյանքի կոչվեն, և քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի քաղաքացիների իրավունքների կյանքի կոչման տեսանկյունից։ Նման ճանապարհներն ու ենթակառուցվածների զարգացումը բավական կարևոր է այդ իրավունքների իրացման տեսանկյունից։
– Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել նման հայտարարության տարածումը։
Սա հայտարարություն է և հստակ իրավական հետևանք չունի, ավելին՝ այս հայտարությունն այնքան էլ չի տեղավորվում պաշտոնական Բրյուսելի դիրքորոշման մեջ, որն ամրագրված է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի մեջ, որտեղ ԵՄ-ն բավական չեզոք դիրքորոշում է որդեգրել։ Սակայն պետք է նշեմ, որ նման փաստաթղթերի կամ նման ձևակերպումներ պարունակող փաստաթղթերի ընդունումը ևս չի բխում մեր շահերից, և պետք է հնարավորինս քայլեր ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ, որովհետև Ադրբեջանը պայմանական ասած նման քեյսերը, փաստաթղթերը, փաթեթները հավաքելով, ըստ էության հետագայում կարող է դիմել այդ տիպի քայլերի։
-Որը պետք է լինի հայկական կողմի արձագանքը։ Իրականությանը համապատասխանում են այն գնահատականները, թե սա հայկական դիվանագիտության ևս մեկ ուղղությամբ ձախողման ապացույցն է։
Հստակ արձագանքը պետք է լինի տվյալ հայտարարությանը ռացիոնալ գնահատականի տեսքով, հետևողական աշխատանքը եվրոպական և այլ միջազգային գործընկերների հետ։ Ցանկացած քայլ, նախաձեռնություն պետք է մեր գործընկերներին հնարավորինս ներկայացվի մատչելի ու հիմնավոր բոլոր ձևաչափերով՝ թե՛ քաղաքական գերատեսչությունները, խորհրդարանական դիվանագիտությունը, որոնք բավական ինտենսիվ աշխատում են Եվրախորհրդարանի հետ, պատգամավորները, որոշակի աշխատանք ունի փորձագիտական դաշտը, անգամ ԶԼՄ-ները՝ համակողմանի ներկայացնելով իրավիճակը։ Այս պայքարը կամ աշխատանքը բավական ծավալուն է, յուրաքանչյուր գերատեսչություն, յուրաքանչյուր կառույց, ինստիտուտ պետք է ունենա իր որոշակի դերակատարումն այդ աշխատանքում։
Ինչ վերաբերում է հայկական դիվանագիտության ձախողմանը, ապա դրանք գնահատականներ են և հիմնականում քաղաքական շրջանակներից են հնչում։ Կրկնում եմ՝ այդ հայտարարությունը չպետք է գերագնահատել և ոչ էլ միաժամանակ թերագնահատել։ Տվյալ հայտարարությունում տեղ գտած ձևակերպումները չեն բխում մեր շահերից, դրանք հակահայկական բովանդակություն ունեն, սակայն միևնույն ժամանակ չունեն իրավական հետևանքներ։ Դա չի նշանակում, որ մեր զգունությունը պետք է թուլացնենք․ սա հստակ ազդակ է, որ պետք է ակտիվացնենք մեր աշխատանքները այդ թվում եվրոպական ուղղությամբ։
Նարե Հարությունյան