Երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ը վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը։ Ավելի ուշ նա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Հարցաքննությունից առաջ և հետո Գագիկ Ծառուկյանը կատարված բոլոր գործողությունները որակեց քաղաքական՝ ընդգծելով, որ չի հանձնվելու։
Նույն օրը ԱԱԾ-ն հրապարակեց Ծառուկյանի հետ կապված երեք քրեական գործերի մանրամասները: ԲՀԿ-ի կողմնակիցները, կուսակցության պատգամավորները, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել ԱԱԾ շենքի մոտ։ Ավելի քան 250 ցուցարարներ բերման են ենթարկվել։ Ոստիկանությունը նրանց նկատմամբ իրականացրել է վարչական ձերբակալում։ Նշվում է նաև, որ մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի շուրջ առկա զարգացումների մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։
–Պարոն Պետրոսյան, երեկ մոտ 8-ժամյա հարցաքննությունից հետո ԱԺ ԲՀ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկվա բոլոր գործողությունները որակեց քաղաքական։ Ո՞րն է այս ամենի նպատակը, ո՞րն է լինելու կուսակցության հետագա քայլերը։
Կուսակցության հետագա քայլերը պայմանավորված են իշխանության գործողություններով։ Ինչու, որովհետև հասկացանք՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը գործում են ոչ թե իրենց լիազորությունների շրջանակներում, այլ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։ Նա չի կարող դա ժխտել, որովհետև այս իրադարձություններից մի քանի օր առաջ հրապարակավ հայտարարեց, թե բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն արմատախիլ են արվելու։ Ակնհայտ ու անվիճելի է, որ եղել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը։ Ամաչում եմ նման վարչապետի գոյության համար։
Տեսաք, որ շատ քաղաքական ուժեր եղածը որակեցին քաղաքական հաշվեհարդար՝ Գագիկ Ծառուկյանի արտահայտած վերջին կարծիքի հետ կապված։ Հայաստանում այլակարծությունը որակվում է որպես դավաճանություն, իսկ այլախոհները՝ դավաճաններ։ Իրականում դավաճաններն այն մարդիկ են, ովքեր չեն կարողանում ճիշտ կառավարել երկիրը։ Դասական ընդդիմության առաքելությունն այն է, որ իշխանությանը քննադատի և առաջարկի երկրի կառավարման ճիշտ մոդելներ։ Հիմա ընդդիմության ղեկավարը օգտվել է իր իրավունքից և արժանանում է նման հետապնդման։ Եթե նա հանցագործ էր՝ ինչու՞ էիք հուշագիր ստորագրում, ձեռք մեկնում և ժողովրդին վստահեցնում, որ համատեղ ուժերով պետք է լուծեք ժողովրդի խնդիրները։ Իմ կարծիքով՝ սա ակնհայտորեն քաղաքական հաշվեհարդար է, և ամոթ է , որ իրավական պետությունում Ոստիկանությունն ու ԱԱԾ ծառայեցնում ենք որպես մահակ՝ քաղաքական այլախոհությանը սանձելու համար։ Այսօր թուրքը գալիս է հրապարակ՝ նկարում-գնում է, և ԱԱԾ-ն չի կարողանում բացահայտել, ՀՀ-ում շրջում են բազմաթիվ ծպտյալ թուրքեր, և դա պետությանը չի հետաքրքրում, բայց հետաքրքրում է, որ Գագիկ Ծառուկյանը արել է հայտարարություն, թե Կառավարության կազմը եկեք փոխենք, որպեսզի ժողովրդի վիճակը լավանա և դա եղել է այսպիսի ռեպրեսիաների արդյունք։ Երեկ մոտ 300-400 մարդ ինքնաբուխ հավաք էին կազմակերպել ԱԱԾ մոտ՝ իմանալով Գագիկ Ծառուկյանի այնտեղ գտնվելու և հարցաքննվելու մասին, բայց այդքան մարդկանց մոտ 1500 ոստիկան էր հսկում․ չի կարելի նման բան անել։ Եթե պետությունն իրավական է, չպետք է նման կերպ քաղաքացիների կամքի վրա ազդել, այդ դեպքում պետք է Սահմանադրությամբ ամրագրել, որ Հայաստանը բռնապետություն է։ Ես երեկ հայտարարեցի, այսօր վերահաստատում եմ՝ Հայաստանը երեկվանից սկսած այլևս բռնապետություն է։ Ոստիկանները, եթե արժանապատիվ ձևով ուզում են իրենց լիազորություններն իրականացնել, թող հակազդեին տրանսգենդերներին, ովքեր մտնելով Ոստիկանության բաժին՝ մնացին անպատիժ։ Ինչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում տրանսգենդերն ավելի արտոնյալ է, քան ավանդապաշտ քաղաքացին։
-Ոստիկանությունն ԱԱԾ-ի մոտ ակցիա իրականացնող 252 անձի նկատմամբ իրականացրել է վարչական ձերբակալում։ Հետևողական եք արդյոք քաղաքացիներին ազատելու հարցում, ինչ քայլեր է ձեռնարկվել։ Կան նաև հարուցված քրեական գործեր։ Ի՞նչ մանրամասներ կհաղորդեք։
Եթե չեմ սխալվում՝ բոլորն էլ ազատ են արձակվել։ Իսկ ում նկատմամբ վարչական ակտ է կայացվել, մենք կուսումնասիրենք դրանց իրավաչափությունը և համապատասխան գործողություններ կիրականացնենք՝ համապատասխան ՀՀ օրենսդրության։
– Տիկին Զոհրաբյանը տեղեկություն է հրապարակել, որ վաղը գլխավոր դատախազը կմտնի ԱԺ և Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից կզրկեն։ Որքանո՞վ է ինֆորմացիան հավաստի, արդյոք կանխատեսելի զարգացում է սա․ որն է լինելու ձեր պատասխանն այս քայլին։
Չեմ կարող ասել հավաստի է, թե՝ ոչ։ Գլխավոր դատախազն այն սուբյեկտներից մեկն է, ով քաջ գիտակցում է, որ ամեն մարդ իր գործողությունների համար պատասխանատու է լինելու։ Այդպես անհարկի մեղադրել Հայաստանի խոշոր սեփականատերերից մեկին, ում հավատարմագրային կառավարմանը հանձնված ձեռնարկություններում 10000-ից ավել մարդ է աշխատում, նման վերաբերմունքն ուղղակի անթույլատրելի է։ Այլևս ներդրող չի գալու, Հայաստանը շուտով սովի է մատնվելու։ Պատկերացնու՞մ եք՝ Ծառուկյանը որոշում կայացնի ու ասի բռնապետությունում ներդրում անելու ցանկություն չունեմ ու լուծարի այդ ձեռնարկությունները։ Պատկերացնու՞մ եք քանի մարդ է սովի մատնվելու, որն է «թավյա վարչապետի» ուզածը՝ մարդկանց սովի մատնի՞ ու պետությունը կործանի՞։ Եթե դա է ուզածը, թող ժողովուրդը հասկանա դա․․․։
Որքանո՞վ երեկվա գործողություններն ու հայտարարությունները կարող են ազդել քաղաքացիների՝ ձեր կուսակցության նկատմամբ վստահության, ձեր իմիջի վրա։
Իշխանության վախերը պայմանավորված են կուսակցության և կուսակցության ղեկավարի նկատմամբ հավատով։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր սեփական վարկանիշի վրա վստահ լիներ, նման ռեպրեսիայի չէր դիմի, նման բռնի, անհամաչափ գործողություններ չէր հանձնարարի կատարել։ Ինքը հասկանում է, որ իր ժողովրդական վստահության ռեսուրսը մոտենում է զրոյական կետի, դրա համար էլ կիրառում է ուժային միջոցներ։ Շատ պարզ տրամաբանություն է դա։ Եթե նա վստահ լիներ, ժողովրդի դեմ չէր հանի Ոստիկանությանը։ Ցավոք սրտի արձանագրենք, որ եթե մինչ այս բավականին հարթվել էր Ոստիկանություն-քաղաքացի անջրպետը, երեկ խորը անդունդ գրանցվեց այս առումով։
Նարե Հարությունյան