ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրության փոփոխությունները, որով առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի:
Խորհրդարանը երեկ ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը կստորագրի միայն «ԱԺ կանոնակարգի» այս փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն: Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով իր սահմանադրական լիազորությունից, նախաձեռնել է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: ԲՀԿ խմբակցությունը դիմել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության իր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը՝ «երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»։ Խորհրդարանի կողմից ընդունած Սահմանադրական փոփոխությունների նախագծի իրավական ու քաղաքական գնահատականների, միջազգային պարտավորությունների առումով ՀՀ-ի վրա նախագծի ընդունման հետևանքների, ԲՀԿ նախաձեռնության մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ։
Պատգամավորը նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակասահմանադրական է, որն ունի նեղ նպատակներ, այն է՝ իշխանությունը ցանկանում է, որ Սահմանադրական դատարանն ու դատական համակարգը անցնի իր վերահսկողության տակ։
«Նախագիծը միջազգային պարտավորությունների առումով կունենա հետևանքներ Հայաստանի համար, քանի որ իշխանությունների չմտածված և հաճախակի միտումնավոր գործողությունները Հայաստանին հասցրել են ահավոր իմիջային ու քաղաքական վնասներ։ Ցավոք իշխանությունները հետևություններ չեն անում և շարունակում են հակաիրավական գործողությունները»,- նշեց Աբովյանը։
Ինչ վերաբերում է ՍԴ դիմելու նախաձեռնության հարցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ պայմանավորվածությունների ձեռք բերմանը, Աբովյանը նշեց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել, ընթանում են աշխատանքային քննարկումներ։
Պատգամավորը նկատեց, որ ՍԴ դիմելու ընթացակարգ կա՝ չնայած ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015-ի խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին այս հարցով դիմել Սահմանադրական դատարան։
«Սա իրավական դիսկուրս է։ Կարծում եմ՝ գտել ենք բոլոր հիմնավորումները, որով կարող ենք դիմել Սահմանադրական դատարան»,- նշեց Աբովյանը՝ ձեռնպահ մնալով մեկնաբանել՝ արդյոք Հանրապետության նախագահը կստորագրի նախագիծ, որը հանգեցնելու է իր լիազորությունների սահմանափակմանը։