«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ վաղը նախատեսված արտահերթ նիստին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն,այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին,-նշել է նա։
Նա նաև նշել է, որ ի տարբերություն իրենց որոշ գործընկերների, ովքեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են Ազգային ժողովի նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն, ձեռնպահ են մնում վաղը ոչ միայն հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելուց, այլ նաև Ազգային ժողովի վարչական տարածք մուտք գործելուց: «Միևնույն ժամանակ շարունակում ենք հետևել բոլոր զարգացումներին և, իհարկե, շարունակում ենք կատարել Ձեր կողմից մեզ վստահված պատգամավորի պարտականությունները`մշտապես ականջալուր լինել մեր քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին»,-հայտնել է Աբովյանը։